Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մի երկիր է, որտեղ ազգը միայն ազգ չէ, այլ՝ ազգ-բանակ, բայց երբ գալիս է ազգին բանակ տանելու պահը, ազգը պահանջում է իրեն չնույնականացնել բանակի հետ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 27,2017 10:53

Հայաստանն այն երկիրն է, որտեղ գոյություն ունի երկու զուգահեռ իրականություն, մեկում իշխանությունն է, մյուսում՝ անիշխան ժողովուրդը: Հայաստանում իշխանությունը չի պատկանում ժողովրդին, քանի որ իշխանությունը ժողովրդից խլել է իշխանություն ձեւավորելու պատասխանատու բեռը՝ նրան թողնելով «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» փաստի հետ համակերպվելու անտանելի բեռը: Այդ զուգահեռ իրականություններից մեկում իշխանությունն ամեն անգամ վերարտադրվում է, մյուսում ԱՎԾ-ն պարբերաբար վերարտադրողական ցածր ցուցանիշներ է արձանագրում: Հայաստանը մի երկիր է, որտեղ մի կողմում ցոփ կյանքով ապրող բոշաների խումբն է, որն զբաղված է ավելցուկ տվող իր «յուղը» հայտնի ուղղությամբ պարտակելու գործով, մյուսում «յուղի» հավերժական դեֆիցիտ է: Որտեղ սոցիալական վիճակի պատասխանատուները ձեւավորել են այնպիսի իրավիճակ, որ շատերի համար միս ուտելն այլեւս տոն համարվի, կամ էլ՝ միս ուտել կարելի լինի միայն տոն օրերին: Որտեղ կարտոֆիլի «կարիերան» աճել է այնքան, որ «ժարիտի» ենթակա ֆլորայի ներկայացուցչից զատ նաեւ աղքատության համահայաստանյան չափման միավորն է դարձել:

Հայաստանը մի երկիր է, որտեղ «խիարը միշտ թարս է բուսնում» ու այսուհետ էլ նույն ուղղությամբ է բուսնելու բոլոր նրանց համար, ովքեր, դուզ ճանապարհից շեղվելով, սկսելու են խոսել իշխանափոխությունից, դեմոկրատիայի վերականգնումից՝ փորձելով լուծել պետության հարցերը: Պետությունն է շարունակելու լուծել խիարի թարս աճին նպաստող արկածախնդիրների հարցերը: Վկան՝ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը:

Հայաստանը մի երկիր է, որտեղ ազգը միայն ազգ չէ, այլ՝ ազգ-բանակ, բայց երբ գալիս է ազգին բանակ տանելու պահը, ազգը պահանջում է իրեն չնույնականացնել բանակի հետ: Երկիր, որտեղ ազգի օրակարգ այդպես էլ չի մտնում «Ազգ-դեմոկրատական պետություն» կոնցեպտը, քանի որ դեմոկրատիան քաղաքակրթական մնացուկի ընկալում ունի, որը հորինել են ժամանակին ծառերի վրա ապրած եվրոպացի բարբարոսները: Բարբարոսին իր մեջ չհաղթահարելու հետեւանքով է, հավանաբար, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում բարեփոխումներ անելու համար անընդհատ ուրիշ երկրների փորձն են կիրառում, սակայն այլ երկրների որեւէ ոլորտի համար մեր երկիրը լավագույն փորձի էտալոն չի դառնում:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031