Սկիզբը` այստեղ
«Վրաստանը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները»
Դեկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանեց Վրաստան: Վրաստանի նախագահի նստավայրում Գեորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցից, ապա ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններից հետո Սերժ Սարգսյանն ու Գեորգի Մարգվելաշվիլին լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հանդես եկան հայտարարություններով:
Սերժ Սարգսյանը, մասնավորապես, իր ելույթում շեշտեց, որ երկկողմ օրակարգում բազմաթիվ հեռանկարային ծրագրեր կան, եւ շատ անելիքներ կան, վերահաստատեց Վրաստանի հետ առկա համագործակցությունը խորացնելու՝ Երեւանի պատրաստակամությունը: «Այսօր մենք անդրադարձանք մեր ընդլայնվող առեւտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարեւորելով ընթացիկ համագործակցության խորացումը այնպիսի նշանակալի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ տրանսպորտը, այդ թվում նաեւ, իհարկե, մեր երկրների տարանցիկ կարողությունների եւ դրանց արդյունավետ օգտագործման հնարավորությունների զարգացումը… Մեր հանդիպման օրակարգում էին նաեւ համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, եւ ես պարոն նախագահին ասացի, որ, իմ կարծիքով, վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիների առկայությունը՝ իր արտադրանքը Եվրասիական տնտեսական միության շուկաներում վաճառելու համար: Այս առումով ցանկացած գրանցված ընկերություն Հայաստանում կարող է ուղղակի շատ օգտակար լինել: Հատկապես ուզում եմ շեշտել Իրանի սահմանին ստեղծված նոր ազատ տնտեսական գոտին, որը շատ մեծ հնարավորություն կտա նաեւ վրացական ապրանքներն ու ծառայություններն արտահանել մեկ այլ վճարունակ շուկա՝ Իրանի Իսլամական Հանրապետություն»:
Այնուհետեւ Ս. Սարգսյանը հավելել էր. «Մեզ համար օրենք է, եւ ես սա ասում եմ անկեղծությամբ, մենք մեր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք ենք գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, այնպիսի հայտարարություններ, բանաձեւեր, որոնք որեւէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին, եւ կարծում եմ, որ ե՛ւ հայկական կողմից, ե՛ւ վրացական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին»:
Այսպես, պաշտոնական Երեւանն արձանագրեց, որ միջպետական բարձր մակարդակի հարաբերություններն ամուր հիմք ունեն, եւ, ինչպես Ս. Սարգսյանը նշեց՝ «իրավացիորեն կոչում ենք եղբայրական»: Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում Երեւանն ու Թբիլիսին արձանագրեցին, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
«Մենք միայն հարեւաններ չենք»՝ վստահեցնում է Գեորգի Մարգվելաշվիլին
Այն, որ պաշտոնական Երեւանը Թբիլիսիից ակնկալում է Հայաստանի հնարավորություններից օգտվելու պատրաստակամություն, թերեւս վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը Հայաստան-Վրաստան հարաբերությունները դիտարկում է նոր հարթությունում եւ համագործակցության նոր որակ ու մակարդակ է ակնկալում Վրաստանից: Սա խիստ կարեւոր ուղերձ է:
Պատահական չէր այս համատեքստում Վրաստանի նախագահի մի նուրբ ակնարկ: Ինչպես Թբիլիսիից հաղորդել էր «Արմենպրես»-ի թղթակիցը, Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ասել է. «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ Վրաստանի կողմից Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չեն թուլացրել հայ-վրացական տնտեսական համագործակցության մակարդակը»:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Գեորգի Մարգվելաշվիլին Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ընդունելությանն իր ելույթում ընդգծել է, որ նրա այցը Վրաստանի եւ Հայաստանի միջեւ «պատմական բարեկամության եւս մեկ ակնառու արտահայտություն է»: «Մենք միայն հարեւաններ չենք, մեր համագործակցության ավանդույթը հազարամյակների պատմություն ունի, եւ այն այսօր եւս հաջողությամբ զարգանում է: Մեր բարեկամության գաղտնիքը միայն Քարթլոսի եւ Հայոսի լեգենդար եղբայրությունը չէ: Մեր մշակույթը, արվեստը, բանահյուսությունը, ավանդույթները միմյանց հետ փոխշաղկապված են, իսկ պատմությունը հագեցած է փոխսատարման օրինակներով: Ճիշտ դա է մեզ հնարավորություն տվել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ, միավորել է մեզ բազմաթիվ մարտահրավերների դեմ եւ պահպանել տվել այն ինքնատիպությունը, ինչով այսչափ հպարտանում են մեր ժողովուրդները»,- ասել է Վրաստանի նախագահը:
Մարգվելաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանը շատ է գնահատում եւ փայփայում Հայաստանի հետ բարեկամությունը, եւ շնորհավորել է ՀՀ-ին Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման առիթով. «Վրաստանը միշտ կլինի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության ակտիվ աջակցող: Մենք պատրաստ ենք ե՛ւ այսօր, ե՛ւ ապագայում մեր բարեկամների հետ կիսվել մեր եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման օգուտներով եւ այն հնարավորություններով, որ Վրաստանը ստեղծում է տարածաշրջանների եւ մայրցամաքների միջեւ համագործակցության առումով»:
Կազատվի՞ վերջապես Հայաստանը Վերին Լարսից
Հարկ է նշել, որ Սերժ Սարգսյանի այցը Թբիլիսի կայացավ ուշագրավ մթնոլորտում: Անցյալ շաբաթ պաշտոնական Թբիլիսիից հետաքրքրական հայտարարություն հնչեց այն մասին, որ Հայաստանը կարող է Ռուսաստանից ուղարկվող բեռները ստանալ Հարավային Օսիայից: Շվեյցարական SGS ընկերության հետ Վրաստանի կնքած պայմանագիրը թույլ է տալիս դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնել Հարավային Օսիայի միջոցով` «Կազբեկ-Վերին Լարս» ճանապարհին արտակարգ իրավիճակների դեպքում, ասաց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ հանդես գալով խորհրդարանում։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը համապատասխանում է Վրաստանի շահերին: «Թուրքիան, Հայաստանը եւ մյուս երկրները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են օգտվել այդ միջանցքից: Բայց կրկնում եմ՝ սա ընդամենը միակողմանի ստորագրություն է: Բայց մենք շարունակելու ենք բանակցությունները, քանի որ մեզ համար անընդունելի են Ռուսաստանի կողմից առաջ քաշված որոշակի պայմաններ»,- նշել էր Կվիրիկաշվիլին: Այսինքն՝ ֆորս-մաժորային իրավիճակում Ցխինվալով անցնող տրանսպորտային միջանցքից (Ռոկի թունելից) կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը եւ այլ երկրներ:
Վրաստանի վարչապետի նշյալ հայտարարությունը Վրաստանում բուռն քննադատության առիթ դարձավ վրաստանյան ընդդիմության համար, մասնավորապես՝ Վրաստանի նախկին նախագահի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների, որոնք նշում էին, թե երրորդ երկրների կողմից միջանցքի օգտագործումը խախտում է 2011թ. ձեռք բերված համաձայնությունը, որով պաշտոնական Թբիլիսին հանել էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վետոն։
Մաքսային վարչարարության եւ ապրանքների վերահսկման մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2011թ., այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանել էր Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի անդամակցության դեմ վետոն, այն պայմանով, որ ՌԴ-ի առեւտրային միջանցքները կանցնեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով, իսկ կողմերը միջազգային միջնորդներին կհրավիրեն ապրանքների հոսքը եւ դրանց մակնշումը վերահսկելու համար: Արդյունքում ընտրությունն ընկել է շվեյցարական SGS ընկերության վրա:
Այսինքն՝ Ռուսաստանն ու Վրաստանը փորձում են որոշակիորեն շրջանցել քաղաքական-տնտեսական բարդ հարցերը՝ առեւտրի եւ հաղորդակցության հարցերում համագործակցության գնալով: Եվ Թբիլիսին մտադիր է բացել նաեւ միջանցքները Հայաստանի համար, եթե Վերին Լարսում առաջանան ֆորս-մաժորային իրավիճակներ: Վրաստանյան ընդդիմությունն այժմ կոչ է անում Վրաստանի իշխանություններին բացահայտել շվեյցարական ընկերության հետ պայմանագրի մանրամասները, որը կնքվել է դեկտեմբերի 19-ին։ Ընդ որում, պաշտոնական Թբիլիսիի կողմից արված՝ Հայաստանի համար նպաստավոր հայտարարության առիթով վրացական ընդդիմության դժգոհությունն էլ իր հերթին ոգեւորություն է առաջացրել Ադրբեջանում:
Թե ինչ առանցքային նշանակություն ունի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը Հայաստանի համար՝ ակնհայտ է, եթե հաշվի առնենք, որ պաշտոնական Երեւանի համար Վերին Լարսին այլընտրանք փնտրելը ինչ կարեւորության խնդիր է: Փաստորեն, պաշտոնական Թբիլիսին Հայաստանին այլընտրանքային ճանապարհ է առաջարկել, ընդ որում՝ հնարավոր է, որ այն արժանանա նաեւ Բաքվի եւ Անկարայի քննադատությանը:
Վրաստանի իշխանությունների կողմից նման քայլն արդյո՞ք Հայաստան-Վրաստան բանակցությունների արդյունք է՝ թերեւս հստակ կլինի ավելի ուշ: Հավանաբար, այս հարցում դեր է խաղացել Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրավիճակը: Ըստ ամենայնի, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի եվրաինտեգրման նոր փուլի մեկնարկը, Հայաստանի դերի ու նշանակության մեծացումը տարածաշրջանային առումով նոր իրավիճակ են ստեղծել: Չի կարելի բացառել նաեւ Թբիլիսի-Բրյուսել մակարդակով նման պայմանավորվածությունների ձեռք բերումը: Փաստ է, որ Հայաստանը Վերին Լարսից ազատվելու հնարավորություն է ստացել:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
27.12..2017