Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է, եթե Ալիևը դիմում է ոչ թե, այսպես ասած, ադրբեջանական բանակին, այլ ադրբեջանական սփյուռքին. «Ժամանակ»

Դեկտեմբեր 27,2017 10:19

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսևորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար: Այլ կերպ ասած՝ Ալիևը ադրբեջանական «սփյուռքի» մոբիլիզացիա է հայտարարում, ինչը մի կողմից լինելով Հայաստանի, նաև հայկական սփյուռքի համար մարտահրավեր, մյուս կողմից նաև վկայում է որոշակի նոր իրողությունների մասին, որոնք կարող են դիտվել որոշակիորեն դրական երանգների մեջ:

Ինչի մասին է խոսքը: Լավ է, եթե Ալիևը դիմում է ոչ թե, այսպես ասած, ադրբեջանական բանակին, այլ ադրբեջանական սփյուռքին: Դա նշանակում է, որ նա ինչ-ինչ պատճառներով սկսել է ավելի ու ավելի քիչ տեսնել բանակով հարց լուծելու հնարավորություն: Հետևաբար, այս տեսանկյունից, իհարկե, հնարավոր է նրա հայտարարություններում նշմարել դրական տոներ, գուցե Ալիևի համար էլ ակամա: Մյուս կողմից՝ սա, իհարկե, նոր մարտահրավեր է Հայաստանի և հայության համար: Ընդ որում՝ մարտահրավեր ոչ այն իմաստով, որ ադրբեջանցիները կսկսեն ակտիվորեն հակահայկական քարոզչություն վարել՝ օգտագործելով նաև նավթադոլարները, այլ պարզապես կարող են հայությանը ներքաշել ծուղակը:

Ադրբեջանի նախագահի այդ կոչի ֆոնին, ըստ էության, հայելային արտացոլումով առավել սրվում է հարցը, թե որքանով է արդյունավետ օգտագործվում հայկական սփյուռքի ահռելի ներուժը Հայաստանի պետական խնդիրները միջազգային ասպարեզում սպասարկելու հարցում: Այդ տեսանկյունից, անցնող 2017 թվականին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովը, որի գրեթե ընթացքին զուգահեռ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրում ինքն արտահայտում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայության դիրքորոշումն ու մեսիջը, որ հղում է Հայաստան-Սփյուռք համաժողովը:

Դա գործնականում աննախադեպ հայտ էր ղարաբաղյան խնդրում և հայկական պետականության կենսագրությունում ընդհանրապես, երբ Հայաստանն ու հայկական սփյուռքը ներկայացվում են պետական մեկ միասնական դիրքորոշման համատեքստում: Սակայն ի՞նչ կոնկրետ նախաձեռնություններ և հայեցակարգ է հաջորդել, հաջորդում դրան, առայժմ պարզ չէ: Մինչդեռ Ալիևի կոչը այդ խնդիրը Հայաստանի ու հայության համար դարձնում է հրատապ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031