Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ծնվում բռնությունը

Դեկտեմբեր 27,2017 10:01

Շատ վաղուց՝ 1970-ականների սկզբին, խորհրդային կինոթատրոններում ցուցադրվում էր «Մասնագիտական ռիսկ» դրաման: Ֆիլմը նկարահանվել է 1967 թվականին, գլխավոր դերում հանդես է եկել հրաշալի երգահան Ժակ Բրելը: Փոքրիկ գավառական քաղաքի ուսուցչին աշակերտուհիները զրպարտում են, թե իբր նա ուզեցել է բռնաբարել իրենց: Հարցաքննություններից մեկի ժամանակ Բրելի հերոսը հարցնում է քննիչին՝ «մի՞թե ես նման եմ մի մարդու, որն ընդունակ է նման հրեշավոր հանցագործության»: Ի պատասխան` քննիչը ցույց է տալիս արտաքինից միանգամայն նորմալ մի մարդու լուսանկար, որը, պարզվում է, մարդասպան էր:

Այդ ֆիլմը ես միշտ հիշում եմ, երբ համացանցում պարբերաբար հայտնվում է ամուսնական մի զույգի նկար, որն արված է, հավանաբար, հարսանիքի կամ նման միջոցառման ժամանակ: Ֆոտոխցիկի առջեւ կիսաժպտացող տղամարդու եւ կնոջ սովորական նկար է, նման լուսանկարներ հազարներով են հանդիպում ֆեյսբուքում: Բայց մենք գիտենք, որ, ըստ քրեական գործի նյութերի, տղամարդը դաժան վերաբերմունք էր ցուցաբերում իր կնոջ նկատմամբ, եւ ի վերջո կինը նրան սպանել է: Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա իրավաբանների տեսանկյունից մոտիվ, կարծես թե, գոյություն ունի: Բայց մնացածների համար նման դաժան սպանության պատճառն, այնուամենայնիվ, անհայտ է մնում:

Նման դեպքերի մասին վերջերս հաճախ ենք կարդում, եւ պատճառը ըստ երեւույթին այն չէ, որ դրանք շատացել են՝ պարզապես դրանք այլեւս չեն թաքցվում: Եթե խոսքը մեղսունակ, ոչ հարբեցող, ոչ թմրամոլ մարդկանց մասին է, ապա կողակցի հանդեպ դաժանության դրսեւորումներն է՛լ ավելի անհասկանալի են դառնում: Հեռու եմ այն մտքից, որ նման բաներ միայն Հայաստանում են կատարվում, բայց դա էլ մեզ, կարծում եմ, չպիտի սփոփի: Եվ մենք էլ, երեւի, պիտի մեզ հարց տանք՝ ինչո՞ւ:

Հավանաբար, պատճառներից մեկն այն է, որ մենք չափից դուրս անզգույշ եւ, թող թույլ տրվի ասել, «ամբախ-զամբախ» խոսում ենք բռնության, վառելու, գյուլլելու, ոչնչացնելու եւ սատկացնելու մասին: Իհարկե, այդ խոսակցությունների մի մասը կրում է, այսպես ասած, «քաղաքական» բնույթ, երբ, օրինակ, նախկին հայաստանցիները, արմավենիների տակ նստած, մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս, ցուցումներ են տալիս, թե հատկապես ում եւ ինչպես է պետք վառել ու կախել: Բայց ընդհանուր առմամբ բռնության նկատմամբ մեզանում իմունիտետ չկա, եւ կենցաղային թե քաղաքական կրքերի բռնկման պահին տեսականորեն մենք հնարավոր ենք համարում, որ մարդը ձեռք բերի գազանի հատկություններ:

Խոսքը կամ անգամ միտքը հատկություն ունեն նյութական ուժ դառնալու: Դրանց հետ պետք է զգույշ վարվել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «երբ, օրինակ, նախկին հայաստանցիները, արմավենիների տակ նստած»

    😀 😀

  2. Հարգելի Արամ Աբրահամյան
    ես Մանուկ Սիմոնյանի Իրավահաջորդն եմ և շատ եմ մտահոգ կատարվածից։
    Ձեզ իմ Հայաստանի հետ կապված շրջապատում շատ էն հարգում և տեղադրելով եղբորս նկարը նման վերնագրի տակ ես համարում եմ ոչ պարկեշտ կամ մի քիչ թույություն, բայց պատմության դասերից հիշում եմ որ նույնիսկ Ալեկսանդր Մակեդոնացին երբ մոր հետ սպանեցին իրենց հորը (ամուսնուն) երեվի նույնպես արդարանում էին։
    Գազանի օրենքը ավելի մեղմ է քանցս հայ երիտասարդի այսօրվա պահվածքը, ասեմ ավելին, որպեսզի չվիրավորեմ գազաններին կատարվածը եթե Չեք նկատել ավելի ծանր է քանի որ սպանությունը հաջորդել է մետաղալարերով դիակի կապելը կամ հսկա քար գլխին դնելը և չի կարելի ասել թե դաժանությունը որտեղ է ավելի շատ։
    Հայոց բառարաններում չկա մի բառ որով կարելի է բնութագրել կատարվածը ․․․ ռուսական բառարանով երեվի հարմար կլինի нелюдь ոչ մարդ ոչ գազան տարբերակը։
    Գայլի հոգով գառան դեմքով ոչ մարդկային արարքով սպանության կատարողները, հովանավորները կարողանում են շեղել նախ քննության արդյունքները հետո հեղեղում են սոց ցանցերը աղավաղում ստացված նյութերը(ինչպես Ձեր լրագրող Արփինե Սիմոնյանը) ու հետո մտածում ենք թե որտեղ է ծնվում բռնությունը։ Ասեմ իմ կարծիքը որ բռնությունը սկսվում հենց այստեղից, ավելին եթե Ձեր երեխաները գեներից բացի հաջողակ են դա Ձեր հայի հոգով կնոջ դաստիերակությունն է որը հանդիսանում է ամուսնու և երեխաների միջի կապող որպես հանգույց։
    Կուզենայի մի պահ տեսնել Ձեր դեմքի արտահայտությունը երբ կտեղեկանայիք որ Ձեր կինը Ձեր ընտանեկան ոսկիներով նշանադրություն է կատարում մի աղրկա հետ որին Դուք գնահատել Էք որպես լավ աշխատող բայց ոչ հարսնացու և այս ամենը Ձեզանից գաղտնի ։ Եվ հայտնի չե կա ստրուկի կարգավիչակ թե ոչ։Ահա դրդապատճառ։
    Բա ինչ ասեմ իմ ծնողների մասին․․․ նրանց մասին գրքերում են տպել Մայրս հիմնել է Արմավիրի մանկական գրադարանը Հայրս Հայաստանում պարմետային պտղաբուծության հեղինակ Մեծ Հայրենականի հաշմանդամ թվով 27 շքանշանակիր․․․ հիմա այս մարդկանց քննարկում են միասեռականների հետ թմբուկ խփողները։
    Դրսում ապրող հայերը (ոչ արմավենու տակ նստած) հավատացեք օգտվում էն Ձեր կայքից կարծիք կազմում ։
    Խոսքը կամ անգամ միտքը հատկություն ունեն նյութական ուժ դառնալու: Դրանց հետ պետք է զգույշ վարվել:
    Մի քիչ զգույշ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031