Լրահոս
Օրվա լրահոսը

Կին ոստիկանի ընկերոջը տրված ծննդյան «նվերն» ավարտվեց խափանման միջոցով

Դեկտեմբեր 27,2017 14:00

Դատավճռով նա մեկ տարով զրկվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում պետական ծառայողի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Ոստիկանության կին աշխատակցին վկան նկարով բաժակ էր նվիրել, ուստի մտածել է, որ նա նույնպես ուզում է իրեն բաժակ կամ նմանատիպ այլ բան նվիրել:

Սակայն ոստիկանության կին աշխատակիցը մեղադրվում էր 2014թ. օգոստոսին տրված մեկ այլ նվերի համար: Ըստ գործի նյութերի, նա օգտվելով կադրերի բաժնի պետի արձակուրդում գտնվելու հանգամանքից՝ իր ընկերոջ ծննդյան օրվա կապակցությամբ հանձնել է որպես նվեր N զորամասի վաշտի հրամանատարը հանդիսանալու և ոստիկանության ավագ լեյտենանտի կոչում ունենալու վերաբերյալ իր կողմից կազմված՝ ՀՀ ոստիկանության զորքերի աշխատակցի կեղծ վկայականը:

Կին ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա չի զղջում կատարվածի համար, քանի որ վկայական չի կեղծել. «չնայած նրան, որ գործի հանգամանքների և պարզված փաստերի միջև համընկնումներ տեսնում է»:

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, նրա պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Կարեն Թումանյանը:

Ամբաստանյալը հայտնել է, որ ծառայության ընթացքում երբևէ չի ենթարկվել կարգապահական տույժերի, ընդհակառակը՝ պարբերաբար խրախուսվել է: Ըստ նրա ցուցմունքի՝ տարիներ առաջ Վանաձորից-Երևան վերադառնալիս ընկերն անընդհատ մեքենայի լույսերը միացրել-անջատել է՝ ցանկանալով, որ ինքը դադարեցնի իր մեքենայի ընթացքը, սակայն ինքը մեքենան չի կանգնեցրել: Երևանում հանդիպել են, զրուցել, որի ընթացքում ապագա ընկերն իրենից իր հեռախոսահամարն է ուզել: Ինքը նրան իր հեռախոսահամարը չի տվել, սակայն ապագա ընկերը ճշտել և զանգել էր իրեն:

Կին աշխատակիցը նաեւ հայտնել էր, թե ընկերն իրեն երբևէ չի խնդրել կամ որևէ կերպ չի շահագրգռել, որ նրան ծառայողական վկայական տա, քանի որ ընկերն աշխատել է նախ՝ ոստիկանությունում, ապա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Անչափ ուշագրավ այս դատական գործընթացի ժամանակ պարզվեց նաեւ, որ կնիքը պահվել է պահարանում, իսկ պահարանի բանալին գտնվել է պետի մոտ: Եվ ըստ ամբաստանյալի, երբ փոխնախարարը ասել է, թե փոխոստիկանապետը արձակուրդ է գնացել, այդ ժամանակ պետն իրեն չի հանձնել պահարանի բանալին, որտեղ պահվում էր կնիքը և գերազանց ծառայության համար նախատեսված կրծքանշանները. «Իր հիշելով՝ փոխնախարարի բացակայության դեպքում՝ վկայականներ չեն հանձնվել: Ծանոթանալով դատաքննության ժամանակ իրեն ներկայացված՝ ծառայողական վկայականների հանձնման մատյանին՝ հայտնել է, որ առանց կնիքվելու ծառայողական վկայականներ չեն կարող հանձնվել, իսկ եթե վկայականը պատրաստ է և փոխնախարարի կողմից ստորագրված, ապա նրա բացակայությունը խոչընդոտ չէ՝ վկայականները հանձնելու համար: Պարտադիր չէ, որ արդեն իսկ ստորագրված և կնիքված վկայականը հենց նույն օրը ծառայողները վերցնեն: Նրանք վկայականները վերցնում են այն ժամանակ, երբ ներկայանում են: 2014 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը վկայականներ չեն ստորագրվել»:

Ի դեպ, ոստիկանության աշխատակիցները սպասարկվում են «Դալին» լուսանկարչական ստուդիայի կողմից, որի տեղն ամբաստանյալն իմացել է իր պետից, երբ նոր էր Երևանում ծառայության տեղափոխվել: Թե ինչպես է հանցաթուղթ-վկայականի վրա հայտնվել ընկերոջ լուսանկարը, ամբաստանյալը չի կարողացել բացատրել: Ամբաստանյալի հիշելով, ընկերոջ մոտ մի քանի անգամ տեսել է վկայականներ՝ սև գույնի, ապա՝ կարմիր:

Ընկերը, որին վկայի կարգավիճակ էր տրվել, իր հերթին հայտնել էր, թե երբ ծանոթացել են, ինքը որեւէ տեղ չէր աշխատում: Շփվել են: Նա դատաքննության ժամանակ ասել էր, թե ամբաստանյալն իրեն զանգել և ասել է՝ անակնկալ ունի. «Խնդրել է գնալ ֆոտոստուդիա և նկարվել: Ինքը քաղաքացիական հագուստով գնացել է նրա ասած ֆոտոստուդիան: Իրեն նկարել են, իսկ նկարները վերցրել է ամբաստանյալը: Նկարվելու դիմաց վճարում չի կատարել»:

Նվերի ստացման նկարագրությունն էլ հետեւյալն էր. լուսանկարվելուց 2-3 օր հետո, երեկոյան, վկան ու ամբաստանյալը հանդիպել են Դավիթաշենի կամրջի մոտակայքում, և իր մեքենայի մեջ գործընկերն իրեն է տվել իր նկարով կեղծ վկայականը. «Զննելով վկայականը՝ տեսա, որ այնտեղ գրված է իր անուն-ազգանունը, ավագ լեյտենանտի կոչումով, սակայն չեմ հիշում վկայականի թե տրման, թե հանձնման ամսաթիվը: Բարկացա, քանի որ ես ոչ ոստիկանության և ոչ էլ այլ կառույցի աշխատող չեմ եղել»: Վկան հայտնել է, թե կեղծ վկայականը պատռել և գցել է ամբաստանյալի վրա, ով նեղացել է և մեքենայից իջնելիս այն գցել է նստարանի տակ: Չարաբաստիկ պատռված, հայտնաբերված վկայականի մասին վկան «օրինականության պահպանման նպատակով հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում»:

Շրջանառվող վարկածներից մեկն այն էր, թե ինչ-որ մեկը նկարը փոխանցել է լուսանկարչական սրահից:

Սակայն գործով հարցաքննված սրահի պատասխանատուներից մեկը հայտնել էր դատարանում, թե «բացառում է, որ համազգեստով լուսանկարը տան որևէ այլ անձի, եթե իրենք, իհարկե, չեն ճանաչում, որ վերցնողը ևս ոստիկան է և նկարված անձի գործընկերը: 2014 թվականին ֆոտոստուդիան ունեցել է 2-3 աշխատող, որոնք էլ զբաղվել են համակարգչային «Ֆոտոշոփ» ծրագրով: Հնարավոր է, որ ոստիկանության կադրերի բաժնի աշխատակիցները զանգահարելու դեպքում խոսել են մյուս աշխատակիցների հետ: Եղել են դեպքեր, որ նրանք աշխատակիցների հետ խոսել են և ասել, թե ինչ լուսանկար և կոնկրետ որ համազգեստով է անհրաժեշտ նկարել, քանի օրինակից, սակայն միայն այն պարագայում, երբ լուսանկարվողն արդեն իրենց մոտ է եղել: Հնարավոր է, որ այլ անձ կարող է վերցնել լուսանկարը, սակայն ինքը չի կարող ասել, թե ամբաստանյալը վերցրել է լուսանկարը, թե ոչ, քանի որ լուսանկարները դրված են հատուկ սեղանի վրա, իսկ եթե այն ծրարի մեջ է, ապա աշխատողը պարտադիր կերպով բացում է ծրարը՝ ճշտելու համար, թե ում լուսանկարն է տալիս»:

Ի դեպ, ծառայողական վկայականը կնիքելու համար պետք է լինի նաև ծառայողական քարտ, ստուգված տվյալներով:

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալին դատապարտել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` 1 տարի ժամկետով:

Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նիստն է տեղի ունեցել: Բողոքաբեր պաշտպանական կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ կամ գործն ուղարկել ընդհանուր առաջին ատյանի իրավասության դատարան` այլ կազմով նոր քննության:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031