Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետի հայազգի պրեմիեր պարողը ոչ միայն դասավանդում է, այլեւ բեմադրություն իրականացնում «Լա Սկալայում»

Դեկտեմբեր 27,2017 13:30

«Ցյուրիխ բալետի» պրեմիեր պարող Արման Գրիգորյանին հայաստանցի հանդիսատեսը հանդիպել է ընդամենը մեկ անգամ՝ 2012-ին, եվրոպական տարբեր թատրոններում փայլող մեր հայրենակիցների՝ Տիգրան Միքայելյանի (Բավարիա), Արսեն Մեհրաբյանի, Վահե Մարտիրոսյանի (Ստոկհոլմ), Արթուր Բաբաջանյանի (Չիկագո) հետ «Հզոր զգացմունքներ» բալետային խմբի կազմում: Հավանաբար բալետի եզակի արտիստներից է կամ միակը, որի կարիերան հանգամանքների բերումով սկսվեց արտասահմանում: Գուցե միակն է, որը Երեւանի պարարվեստի քոլեջը դեռ չավարտած, 15-16 տարեկանում հայտնվեց Իսրայելում, որտեղ ծնողները՝ մեր բալետի ճանաչված դեմքեր Արմեն եւ Մարինա Գրիգորյանները հրավիրված էին դասավանդելու:

Արման Գրիգորյանի եվրոպական եւ համաշխարհային փայլուն կարիերայի մասին լսել ենք արտասահմանում գործունեություն ծավալած մեր հայրենակիցներից: Վերջին շրջանում էլ, ըստ մեր տեղեկությունների՝ արտիստը այլեւս «Ցյուրիխ բալետում» չէ, ազատ արվեստագետ է, ինչը զուգահեռում է մանկավարժական գործունեությանը: Ասում են նաեւ, որ իբրեւ խորեոգրաֆ, նա բեմադրություններ է իրականացնում հեղինակավոր թատրոններում:

Այս օրերին Արման Գրիգորյանը Երեւանում է:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ արվեստագետն ասաց, որ Թել Ավիվում կարճ ժամանակ է բեմ բարձրացել՝ մոտ մեկուկես տարի, ապա մասնակցելով Լոզանում կայացած բալետի արտիստների հեղինակավոր մրցույթին, հրավեր է ստացել «Ցյուրիխ բալետի» ճանաչված խորեոգրաֆ Հայնց Շպյոռլիից: Ցյուրիխում շուրջ 13 տարի ստեղծագործելուց հետո, հանդես գալով ոչ միայն դասական, այլեւ մոդեռն ներկայացումներում, ինչպես նաեւ խմբի հետ «աշխարհը ոտքի տակ տալով», աշխարհահռչակ Նաչո Պուատոյի հրավերով 2015-16թթ. հանդես է գալիս «Բեռլին Շտատս բալետում»:

«2016-ից ազատ արվեստագետ եմ, դասավանդում եմ նաեւ Ցյուրիխի բալետային դպրոցներում: Այս տարվա հոկտեմբերին Հայնց Շպյոռլիի հրավերով մեկնել եմ «Լա Սկալա», սկսել Բախի «Գոլդբերգ վարիացիաների» բեմադրական աշխատանքները թատրոնի բալետային խմբի հետ: Պրեմիերան նշանակված է 2018թ. հունվարի 25-ին»,- հայտնեց Արման Գրիգորյանը:

Հարցին՝ արտասահմանում ստեղծագործող որոշ գործընկերների օրինակով Երեւանում է ընդամենը Նոր տարվա առիթո՞վ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մասնակցում եմ Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբի փորձերին՝ Մալայզիայում հունվար-փետրվար ամիսներին կայանալիք հյուրախաղերի նպատակով: Ինքս ներգրավված եմ Չայկովսկու «Շչելկունչիկ» եւ Խաչատրյանի «Գայանե» բալետներում, համապատասխանաբար՝ Արքայազնի եւ Արմենի դերապարերում»:

Գրիգորյան ընտանիքը

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ արտիստի նորաստեղծ ընտանիքին: «Կինս՝ Գալինա Միխայլովա-Գրիգորյանը, ազգությամբ բուլղարուհի է եւ «Ցյուրիխ բալետի» առաջատար մենապարուհի: Ունենք հրաշք դուստր: Ի դեպ, Գալինայի հետ ծանոթացել ենք դեռեւս 2002թ., հենց «Ցյուրիխ բալետում»,- ասաց բալետի արտիստը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սվետլանա Մարգարյան says:

    Սխալվում եք, 2007-ին էլ է Արմանը հանդես եկել Երևանի բեմում։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031