Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես լինել Սանտա Կլաուս

Դեկտեմբեր 27,2017 13:00

Գալիս է մի  տարիք, որ միայն նվերներ բերող Սանտա Կլաուսի  կերպարը սպառում է իրեն, իսկ Սքանչելագործ Նիկողայոսը մնում է որպես գաղափար։

Նամակի ծրարներ սարքեցի։ Վերջերս դուրս եկա փողոց՝  կարմիր հագնված։ Մոտենում էի և՛  երեխաներին, և՛ մեծահասակներին։

– Ողջույն, ես նամակներ եմ հավաքում՝  ուղղված Ս.Նիկողայոսին,  կարող եմ նամակը նրան փոխանցել, – ասացի առաջին պատահած երեխային. Արեգն էր՝  ինը տարեկան։ Ժպտաց, որ ինձ Ձմեռ պապի գլխարկով տեսավ։

– Այո՜, գիտե՞ք՝ ես ուզում եմ, որ…

Իհարկե, նա հարցրեց՝  ով է Սքանչելագործ Նիկողայոսը, բայց չհարցրեց՝  ինչպես եմ նամակը Ձմեռ պապին  փոխանցելու, չհարցրեց՝  ինչպես է իր ցանկությունը կատարվելու, երբ է կատարվելու, և ես ինչ կապ ունեմ նամակ փոխանցելու հետ։ Նա  այդքանի փոխարեն մի բան լավ գիտեր, որ ուզում է լինել  այն, ինչի մասին  մենք  գրեցինք նամակում, որը վերցրի ինձ մոտ։ Երեխան ինչ-որ մեկին ինչ-որ բան խնդրեց. սիրուն էր։

Այն հարցին, թե ով է  Ս. Նիկողայոսը, պատասխանեցի՝ Ձմեռ պապի նախատիպն է, որը կա բոլոր քրիստոնյա երկրների Ձմեռ պապի կերպարներում, այդ թվում՝ մեր։ Նա հայրապետ էր,  օգնում էր շատ ընտանիքների՝ նվերներ տալով։ Մի անգամ էլ, երբ Սուրբ ծննդյան օրերին նվերներ էր անում մարդկանց, մի  դռնապան պատահաբար բացահայտում է նրան։

Գիտե՞ս՝ չնայած այժմ  Ս. Նիկողայոսը մեր օրերում չի ապրում, բայց  մեզ նվերներ է բերում, բերում է մեր ծնողների, քրոջ, բարեկամի կամ ընկերոջ կողմից։  Կարևորն այն է, որ մենք մտածում ենք նվիրելու մասին, նվիրելու միջոցով դիմացինին ուրախացնելու մասին, նրան սիրելու, օգնելու, այսպես է Սանտան դարձել Սանտա։

– Ողջույն, ես նամակներ եմ հավաքում՝  ուղղված Ս. Նիկողայոսին, կարող եմ Ձեր նամակը նրան փոխանցել, – ասացի Լիլիթին, որ գնում էր  իր  երեխային մանկապարտեզից տուն բերելու։  Նա էլ Ձմեռ պապին նամակներ գրող երեխա է եղել։

– Ո՞ւմ գրեմ նամակ, չկա Ձմեռ պապ։

– Գուցե կա, եթե հասկանանք՝ ինչ է նշանակում Ձմեռ պապ։

– Դե՜, Ամանորին մեզ նվերներ բերող պապիկ է, սահնակ ունի, նվերների մեծ պարկ, սա բոլորս գիտենք։

– Սա՞ է, որ պետք է բոլորն իմանան։ Ինչո՞ւ է նվերներ բերող պապիկ, ոչ թե՝ ստացող։

– Ժամանակ չունեմ նման բաների։ Նա պարզապես չկա, երբ մեծանում ենք- գնաց։

«Նվերներ բերող», ինչպես կարող ենք լինել ես, նա և բոլորը։ Իսկ ի՞նչ պատկերացրեց  «նման բաներ» ասելով։ Գուցե հիշեց, որ Ձմեռ պապը նվերներ է բերում, երբ քեզ լավ ես դրսևորում, ապա հիշեց, թե ոնց է իր երեխաներին Ձմեռ պապի անունից նվերներ տալիս՝ իմանալով, որ չկա նման բան։  Բայց կանք մենք,  մեր մեջ ունենք ժպիտ, հոգի, կյանք, սեր և դրանք կարող ենք նվիրել ինչ-որ մեկին, բոլորին, ինչպես անում էր Սքանչելագործ Նիկողայոսը։

Մի քանի նամակ հավաքեցի, դրանց մեջ կան շատերի երազանք-ցանկությունների ձևակերպումները. սա արդեն սկիզբ է  Սանտա Կլաուս լինելու համար։

ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.12.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031