Դեռ ձմեռնամուտին հրավիրած ասուլիսում ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը կանխատեսել էր, որ կլինեն ժամանակահատվածներ, որ արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի -22-ից -24 աստիճան:
Aravot.am-ը Սուրենյանից հետաքրքրվեց`այդ ցուրտ օրերը դեռ առջեւո՞ւմ են:
Նա պատասխանեց, որ նախ ինքը նաեւ ասել էր, որ ձմռան ընթացքում կլինի ժամանակահատված, երբ մեր երկիրը կգտնվի արեւադարձային շատ տաք օդային հոսանքների ներքո եւ ջերմաստիճանը խիստ բարձր կլինի, հիմա մենք այդ շրջանում ենք:
Իհարկե, կլինի ցուրտ օդային հոսանքների ներթափանցում, ամբողջ ձմռան ընթացքում չի կարող նման բարձր ջերմային ֆոնը պահպանվել, բայց ամեն դեպքում մենք առաջիկա 5 օրերին դեռեւս այդ ցուրտ հոսանքներին չենք սպասում դեռեւս տաք օդի ներհոսք է նկատվում ընդ որում, ամսի 27-ից այդ ներհոսքն ակտիվանում է, ոչ թե թուլանում է»:
Գագիկ Սուրենյանն ասաց, որ անցյալ տարվա նման տեւական մառախուղներ այս տարի չի կանխատեսվում, բայց առանձին օրեր մառախուղ հնարավոր է լինի:
Առայժմ մարդիկ շատ գոհ են ե՛ւ ձմռանից, ե՛ւ Սուրենյանից, ֆեյսբուքում գրում են՝ Սուրենյանի արեւը ապրի, ասես Սուրենյանն է պատվիրում եղանակը:
Գագիկ Սուրենյանը զարմացած է մարդկանց մեկնաբանություններից, ֆեյսբուքյան գրառումներից. «Ձյուն են ուզում, մարդիկ տարօրինակ են, անցած տարի արեւ էին ուզում, հիմա էլ ձյուն են ուզում, չեմ հասկանում: Մեր ժողովրդի մի հատված կա, որ ամեն ինչից դժգոհ է: Ես հիշեցի, որ այն նույն մարդը, որ անցյալ տարի բողոքում էր ցրտերից, այս տարի էլ բողոքում է շատ տաքից, արեւից: Նույն մարդը գրում էր անցյալ տարի, որ այս ցրտերը աղետ են, հիմա էլ գրում է՝ այս արեւը աղետ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ