Այսօր` դեկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը մամուլի ասուլիսում խոսել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության վերաբերյալ:
«Կարծում եմ, մենք Արցախի ճանաչման ուղղությամբ աշխատանք չենք կատարում: Միակ դեպքը, երբ մենք դիմել ենք մեզ ճանաչելու համար, եղել է 1992 թվականի հունվարին` անկախության հռչակագրի ընդունման ժամանակ, երբ ընդհանուր կոչով դիմել ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին` ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Դրանից հետո Արցախը պաշտոնապես ոչ մի երկրի չի դիմել իրեն ճանաչելու խնդրանքով»,- նկատում է Հայկ Խանումյանը:
Նա գտնում է, որ Արցախի ճանաչման հիմնական խոչընդոտը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է. «Նրանք ելնում են այն դրույթից, որ բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ և Արցախի անկախության ճանաչման հարցի բարձրացումը կբերի պատերազմի և կվնասի տարվող գործընթացին: Կարծում եմ սա սխալ մոտեցում է և զուգահեռ պետք է աշխատել ճանաչման ուղղությամբ»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ