Գյումրի քաղաքի «Կումայրի արգելոց պատմական թանգարանի» վերանորոգված առաջին փողոցում այսօր բացվել է Christmas Bazaar-ը (Ամանորյա տոնավաճառ)։ Գյումրիում մեկ տարվա համատեղ արդյունավետ աշխատանքից հետո «Կումայրի ֆոնդը», ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, Ամանորի տոն է կազմակերպել բոլոր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։
«Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին կազմակերպվող Christmas Bazaar-ն, անշուշտ, տոնական մթնոլորտ կապահովի մարզում, շատերի համար այն անմոռանալի հիշողություն կդառնա, իսկ մարզի համար՝ կարևոր քայլ զբոսաշրջության զարգացման ճանապարհին»,- նշել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։
«Ողջունում եմ տոնավաճառի կազմակերպումը «Կումայրի պատմական կենտրոնում»։ Տոնական այս օրերին սա լավ տրամադրություն կփոխանցի ոչ միայն գյումրեցիներին, այլ նաև Գյումրի այցելող մեր հյուրերին»,- նշել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
«Վերապրելով երկրաշարժը նույնիսկ, Գյումրին պահպանել է իր ճարտարապետական հզոր ժառանգությունը, որը մեր երկրում ոչ մի այլ քաղաք չի կարողացել պահպանել։ Այն այսօր ունի ամբողջ ներուժը՝ եվրոպական պատմամշակութային ժառանգությունը պահպանած քաղաքների հետ նույն շարքում ներկայանալու համար։ Քաղաքն այնքան հեռանկարային է, որ մենք մտադիր ենք զբոսաշրջության աշխարհում մեր կապերն օգտագործելով և կոնկրետ գործնական քայլերով Գյումրին ժամանակակից զբոսաշրջային ուղղություն դարձնել», – նշել է «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի Զարգացման տնօրեն Սյուզաննա Ազոյանը։
Ամանորի տոնավաճառներ բացվում են Եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում։ Առաջին Christmas Bazaar-ը տեղի է ունեցել Գերմանիայում։ Ինչպես ամբողջ աշխարհում, Գյումրիում նույնպես այն իրականացվում է բարեգործական նպատակներով։ Քաղաքի համար նաև անակնկալ էր պատրաստվել. հատուկ ելույթով Գյումրի է այցելել Սիրուշոն։ Պարային խմբի ուղեկցությամբ ու լուսային էֆեկտներով համերգը Սիրուշոյի և իր խմբի կողմից նվեր է քաղաքին։ Այցելության նպատակն է գյումրեցիներին նախատոնական տրամադրություն պարգևելը ու նոր փողոցի բացումը նշելը։ Ելույթի բացումը վերապահվել է Գյումրիի «TmbaTa» խմբին, որից հետո ժողովրդին կշարունակի ուրախացնել DJ Arni Rock-ը:
Գյումրիի Ամանորյա տոնավաճառին մասնակցում են Շիրակի մարզի տնտեսվարողները, որոնք հուշանվերներ (ձեռքի աշխատանք), քաղցրավենիք, հրուշակեղեն, տաք գինի, յուրահատուկ թեյեր ու մեղր կառաջարկեն տոնավաճառի օրերին։ «Վիվարո» ընկերությունը համերգային ծրագրի գլխավոր հովանավորն է։ Պիեռ և Տիրան Բաղդադյանները տրամադրել են տնակները։
«Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդ