Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է. 2018-ին լարվածությունը չի նվազի». Սարգիս Գրիգորյան

Դեկտեմբեր 26,2017 19:44

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ Մերձավոր Արևելքում 2018-ին լարվածությունը կպահպանվի:

Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2017-ի ընթացքում գրանցված մարտահրավերներին, Սարգիս Գրիգորյանն առանձնացրեց իսլամական ծայրահեղականությունը և դրա դեմ պայքարը, քրդական հիմնախնդիրը, շիասունիական հակասություններրի սրումն ու արաբաիսրայելական հակամարտությունը:

Ըստ արաբագետի՝ ծայրահեղականության դեմ պայքարը որոշ չափով ստացվեց, բայց վերջնական արդյունքում հաղթանակ դեռ չկա. «Այն որպես սպառնալիք մնալու է տարածաշրջանի և աշխարհի համար: Առավել ևս, որ իսլամական պետությունը, որի դեմ հաղթանակի մասին շատ են բարձրաձայնում հատկապես գերտերությունները, այս կառույցը, որպես տարածքներ վերացնող կառույց այլևս այս պահին չկա, բայց պատրաստվում է երկարատև պարտիզանական կռվի և դրա ականատեսը կլինենք 2018-ից սկսած, ականատես կլինենք նաև ահաբեկչության շարունակմանը»:

Անդրադառնալով քրդական հիմնախնդրին՝ Սարգիս Գրիգորյանը նկատեց. «Այն, ինչ այժմ ստեղծվել է Իրաքյան Քուրդիստանում և դրա շուրջ, քրդերի օգտին չի խոսում: Հավանաբար, այստեղ հաշվարկների մեջ սխալվել էին, և հիմա Իրաքյան Քուրդիստանը ծանր վիճակում է հայտնվել ու ամեն ինչ անում է, որ Բաղդադին նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ»:

Շիասունիական հակասությունների առումով արաբագետը 2018-ին սրացումներ է կանխատեսում: Ըստ նրա՝ այս առումով լարվածությունը դեռ կմնա 2018-ին, ավելին՝ այն չի նվազի:

Սարգիս Գրիգորյանը փաստեց՝ արաբաիսրայելական հակամարտությունը նորից քաղաքական օրակարգում է:

Հետաքրքրվեցինք՝ Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված ՄԱԿ-ում ՀՀ-ի՝ ԱՄՆ-ի դիրքորոշմանը դեմ քվեարկելն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Մեզ համար առաջնային խնդիրներից մեկը պիտի լինի հայկական համայնքների պահպանությանը միտված քայլերը: Առաջին հերթին մեր ուշադրության ներքո պիտի լինեն հայկական համայնքները և պատմական ժառանգությունը: Դժվար է ասել՝ Մերձավոր Արևելքում ինչ պետք է արվի, քանի որ տարածաշրջանը շատ անկանխատեսելի է: Տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ է, և լրացուցիչ ջանքերը չէին խանգարի բարձրաձայնելու համայնքների՝ որպես տարածաշրջանում դերակատարների մասին»:

Ըստ արաբագետի՝ ԱՄՆ-ն ուշադիր կլինի այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են քվեարկել ԱՄՆ-ի նախաձեռնությանը, բայց լուրջ լարվածություն նրանց և ԱՄՆ-ի միջև չի ակնկալվում, քանի որ ԱՄՆ-ի քայլերը հիմնված են հաշվարկների վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Գուցե պարոն արաբագետը շատ տեղեկացված է՝ ես չգիտեմ, սակայն այս նյութից այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես նա միայն անգլերեն կամ ռուսերեն մամուլ է կարդում, որովհետև կրկնում է ծեծված արտահայտություններ՝ շիա-սուննիական հակամարտություն, իսլամական ծայրահեղություն։ Գուցե՝ ոչ թե իսլամական, այլ իսլամիստակա՞ն ծայրահեղություն, թե՞ տերմինների տարբերությունը կարևոր չէ։ Կամ՝ գուցե, շիա-սուննիական հակամարտություն ասելուց առաջ արժեր բացատրել, թե որտեղից է ծագում այս տերմինը և ում շահերն է այն սպասարկում։
    Կարճ ասած՝ տիրապետեք նյութին, հետո քննարկեք այն, որ ընթերցողն էլ այսպիսի մեկնաբանություններ չթողնի։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031