«Թռչնասերերի կենտրոն ՀԿ» , «Help Dolphins» նախաձեռնության հիմնադիր և անդամ Սիլվա Ադամյանի տվյալներով, կենդանիների պաշտպանության ուղղությամբ այս տարի բավականին շատ աշխատանքներ են արվել:
«Բազմաթիվ միջոցառումներ են արվել անազատության մեջ գտնվող արջերին փրկելու համար: Վերջին օրերին էլ արձանագրվեց այդպիսի մի դեպք, շատ դրական եմ արձանագրում այս իրավիճակը: Մյուս խնդիրը, որը շատ մեզ հուզեց այս տարի այն էր, երբ ինտերնետային կայքերում նկատեցինք, որ մեր գործընկերները տարածում են տարբեր մարդկանց էջերից վերցված նկարներ, որտեղ պատկերված էին որսագողություն, դաժան վերաբերմունք կենդանիների հանդեպ, չնայած նրան, որ պատկան մարմինները ուշադրությամբ զննեցին գործերը, քրեական գործեր հարուցվեցին, բայց կարծում ենք, որ օրենքը մեզ մոտ անկատար է ու այսպիսի քայլերով չենք կարող որսագողությունը կանխել Հայաստանում»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Սիլվա Ադամյանը:
Իրավապաշտպան, կենդանապաշտպան Նարե Արամյանն էլ հավելեց, որ ինչքան էլ ունենանք դրական տեղաշարժ, պետք է արձանագրել, որ այն գրանցվում է հենց հանրային քարոզչության, ԶԼՄ-ների հետ աշխատանքի արդյունքում բնակչության իրավագիտակցության բարձրացման դեպքում. «Նման դրական տեղաշարժը չափազանց դանդաղ է մեզ բերելու պետական մակարդակով դրական արդյունքի, նախ եւ առաջ օրենսդրական բացարձակ բացը եւ եղած օրենսդրության ամենավատ ազդեցությունը, այսինքն, ստացվում է՝ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չլիներ, գոնե մենք ինքնադատաստանի միջոցով հարց կլուծեինք, քան այն, ինչ կա, չի գործում ու չեն աշխատացնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ