Կառավարությունը մերժում է Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 28-ի նիստի օրակարգից:
Միհրան Պողոսյանը 37 կետից բաղկացած փոփոխություններ է առաջարկում կատարել նշված օրենսգրքում: Այս փոփոխությունները վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց: Նախագծի հեղինակի՝ Պողոսյանի ներկայացմամբ, իր առաջարկությունների նպատակն է՝ «հաշմանդամության կարգ ստացած անձանց մշտական աշխատանքով ապահովելն է, իսկ գործատուների մոտ՝ այդպիսի անձանց աշխատանքով ապահովելու, աշխատանքային հավասար պայմաններ ստեղծելու շահագրգռվածություն առաջացնելը, աջակցելը, պաշտպանելը եւ ապահովելը հաշմանդամություն ունեցող անձանց` լիարժեքորեն եւ հավասարապես օգտվել մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից, ինչպես նաեւ ապահովել հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ՝ առանց հաշմանդամության պատճառով որեւէ խտրականության»:
Պողոսյանի կարծիքով, ինչպես նախագծում է ներկայացնում, ՀՀ օրենսդրությունը շահագրգռվածություն չի ստեղծում գործատուների շրջանում՝ հենաշարժական ֆունկցիաների խանգարումների եւ կամ մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիայի, արտահայտված արտաքին ձեւախեղումների հետ կապված հաշմանդամության կարգ ունեցող անձին աշխատանքի ընդունելու հարցում. «Գործատուի խղճին է թողնված հաշմանդամության կարգ ունեցող անձին աշխատանքի ընդունելու հարցը։ Հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասն ապրում է աղքատ պայմաններում, եւ, այս իմաստով, գիտակցելով աղքատության բացասական ազդեցությանը դիմակայելու խիստ անհրաժեշտությունը, օրհասական է նման անձանց աշխատանքով ապահովելը։ Հաշմանդամություն ունեցող անձինք ամբողջ աշխարհում դեռեւս շարունակում են հանդիպել արգելքների հասարակության մեջ՝ որպես լիիրավ անդամներ մասնակցություն ունենալու եւ իրենց իրավունքների ոտնահարման առումով»։
Սակայն, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության ընդունումը կարող է հանգեցնել հնարավոր չարաշահումների ռիսկերի մեծացմանը, ուստի առաջարկում է մերժել այն: Կառավարությունն առաջարկում է Պողոսյանի ներկայացրած նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:
Կառավարությունը Միհրան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը մերժում է, հիմնավորմամբ, թե գործատուների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավելու խնդիրը մշտապես գտնվել եւ շարունակում է գտնվել ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Ըստ կառավարության եւ գործող օրենսդրությամբ եւ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային նոր օրենսգրքով նախատեսված են խնդրի լուծման համար համապատասխան խթանիչ մեխանիզմները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ