«Ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանի հանքերն ավելի շատ շահագործվեն: Այս քաղաքականությունը շարունակվում է»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի կանաչների միություն» հ/կ ղեկավար Հակոբ Սանասարյանը:
Նա մանրամասնեց, որ միայն դեկտեմբերին երկրաբանական հետազոտություններ կատարելու 6 արտոնագիր է տրվել՝ հետագայում հանքեր շահագործելու նպատակով: «Միայն չորսը՝ Սյունիքի մարզում Դաստակերտում: Այդտեղ դեռեւս ԽՍՀՄ ժամանակ շահագործված պոչամբարի պոչհանքը, որը հարուստ է ծանր մետաղներով, լցվում է ջրամբարի մեջ: Ի՞նչն է խանգարում Բնապահպանության նախարարությանը՝ այնտեղ մասնագետներ ուղարկել եւ միջոցներ ձեռնարկել, որ մարդիկ եւ կենդանիները հանկարծ չընկնեն այդ խոռոչի մեջ»,-հարցրեց Հակոբ Սանասարյանը:
Նա անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ մատնանշելով, որ այս տարի այն անտեսում է անգամ պատկան գերատեսչությունը. «Ավելի կոշտ է հարցը դրված: Բնապահպանության նախարարությունը չի ուզում տեսնել այն, ինչ կա: Նախարարը գտնում է, որ փորձաքննությունը պետք է գործի դրվի, մինչդեռ այն չի էլ կատարվել: Այդ փաստաթուղթը «վայրենի» սխալներ է պարունակում՝ թվեր, որոնք բոլորը կեղծ են, մինչդեռ հանքի շահագործմանը դրական եզրակացություն է տրվել»:
Բնապահպանը տեղեկացրեց՝ վերջերս հաշվարկել է, թե ինչպիսի տնտեսական կորուստներ կարող է ունենալ Ամուլսարը շահագործել պատրաստվող ընկերությունը. «Ըստ շահագործման նախագծի՝ 426 միլիոն դոլար է ներդրվելու հանքաքարը վերամշակելու համար, 480 միլիոն դոլար՝ հարկերի տեսքով: Նախատեսվում է 230 միլիոն դոլարի աշխատավարձ: Ստացվում է, որ շահագործման տասը տարում ընկերությունը խոստանում է 3 միլիարդ 900 դոլարի ներդրում, այդ թվում՝ աշխատատեղեր: Բայց ես հաշվարկեցի, որ մոտ չորս միլիարդ ներդրման դեպքում ընկերության մշակելիք հանքաքարից ստացվելու է 63 տոննա ոսկի եւ 124 տոննա արծաթ: Ընդ որում, արծաթի մոտ կեսը մնալու է թափոնի մեջ: Ընդհանուր առմամբ, «Լիդիան» ընկերությունը 2,6 միլիարդ դոլարի հասույթ է ունենալու՝ մոտ 1,5 միլիարդով պակաս, քան ներդրումն է: Սա նշանակում է, որ այս ամենի մեջ մութ բան կա…ինչ-որ բան չեն գրել նախագծում: Թե չէ՝ հո հիմա՞ր չէին, որ շահույթը ներդրումից պակաս ստանային»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ