Այսօր ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության 2-րդ նախադասության մեջ ամրագրված միայն մեկ զանգվածային լրատվության միջոց և այդ զանգվածային լրատվության միջոցի ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների դրույթը ճանաչելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի, 51-րդ հոդվածի 2–րդ մասի, 75, 78, 79,80 հոդվածների և 81-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր։
2016 թ․ մայիսի 25-ին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ նախադասությանը սահմանափակում է մեկ իրավաբանական անձի անունից տարածվող մեկից ավելի զանգվածային լրատվության միջոցի և այդ զանգվածային լրատվության միջոցի 50-ից ավելի ներկայացուցիչների հավատարմագրումը։ «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունը 2017 թ․ մարտի 9-ին դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ 2 զանգվածային լրատվության միջոցի («Ասպարեզ» օրաթերթ և asparez.am / www.asparez.am/ լրատվական կայք) և դրանց 1000 ներկայացուցչի հավատարմագրելու պահանջով։ Հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներին՝ ԿԸՀ-ն մերժել էր այս դիմումը։ Հասարակական կազմակերպությունը բողոքարկել էր ԿԸՀ համապատասխան որոշումը վարչական դատարան․վերջինս, սակայն, մերժել էր կազմակերպության հայցը։ Դրանից հետո կազմակերպությունը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 29-րդ, 42-րդ, 78-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները։
Դիմողի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Վահե Գրիգորյանը և Տիգրան Եգորյանը սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշել են, որ օրենքով սահմանված այս միջամտությունը դիմողի իրավունքին չի հետապնդում իրավաչափ նպատակ և անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում։ Շեշտելով լրատվամիջոցների և լրագրողների՝ հանրային հսկիչի գործառույթը՝ նրանք նշել են, որ լրատվամիջոցի և լրագրողի՝ «հանրային հսկիչի» առաքելությունն ընտրական գործընթացի շրջանակներում հանդիսանում է այդ գործընթացի թափանցիկության, անաչառության, օրինականության և այլ սկզբունքների ապահովման լրացուցիչ երաշխիք։ Լրատվամիջոցներն ու լրագրողները ընտրական գործընթացում հանդես են գալիս որպես «հանրության աչքն ու ականջը», վերջիններս նպաստում են հանրության որոշակի վերաբերմունքի (վստահություն կամ անվստահություն) ձևավորմանը ընտրական գործընթացի, ընտրությունների արդյունքների նկատմամբ և ապագա իշխանության նկատմամբ, ուստի նման արգելքն ընդհանրապես անհիմն է ու չպատճառաբանված։
Անդրադառնալով այն հարցին, որ եթե այդ սահմանափակման նպատակը քվեարկության բնականոն ընթացքի ապահովումն է՝ քվեարկության սենյակում մեծ թվով ԶԼՄ ներկայացուցիչների կենտրոնացում թույլ չտալու համար, ապա ըստ դիմողի և նրա ներկայացուցիչների՝ դա համաչափ չէ, քանի որ ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի՝ քվեարկության սենյակում կարող է ներկա լինել յուրաքանչյուր ԶԼՄ-ի մեկ լուսանկարիչ և մեկ լրագրող, իսկ նույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը հնարավորություն է ընձեռում սահմանափակելու քվեարկության սենյակում ներկա գտնվող դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների թիվը։
Որոշմանն առավել մանրամասն կանդրադառնանք որոշման տեքստի ամբողջական հրապարակումից հետո։
***
Դիտորդական առաքելությունն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի և Թբիլիսիում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային ինստիտուտի և Թբիլիսիում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մամուլի հաղորդագրություն