Ս.թ. օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դժկամությամբ ստորագրված նոր օրենքը, որը կոչվում է «Օրենք ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով հակազդեցության մասին» (CAATSA), դեռ ամբողջ ուժով չի գործում, եւ հիմնական արարը դեռ առջեւում է, սակայն այն հասցրեց դառնալ Մոսկվայում մթնոլորտի եւ հռետորաբանության փոփոխության կարեւորագույն գործոններից մեկը:
Իհարկե, հրապարակային դժգոհությունն Արեւմուտքից մնում է, ԱՄՆ-ին նույնիսկ մեղադրում են Ուկրաինայում «պատերազմի հրահրմանն աջակցելու» մեջ, ռուսները ցուցադրաբար լքում են Ուկրաինայի արեւելքում զինադադարի համատեղ վերահսկման եւ համակարգման կենտրոնը, բայց սա «դեմքը պահպանելու» եւ «գին բարձրացնելու» խնդիր է լուծում, ոչ ավելին: Դրան զուգահեռ՝ հայտարարվում է Սիրիայից դուրս գալու մասին, ցանկացած հարթակում փորձ է արվում երկխոսություն ծավալել Արեւմուտքի հետ եւ ցույց տալ, որ խաղն ընթանում է «Արեւմուտքի կանոններով»: Մեր մասով Մոսկվան այլեւս ծպտուն չի հանում, որ «կան այլ հարթակներ Մինսկի խմբից բացի», ինչպես անցյալ տարի էր հայտարարում տիկին Մարիա Զախարովան, իսկ Ղարաբաղյան կարգավորման Լավրովի պլան այլեւս գոյություն չունի, բանակցությունները Կազան-Ռյազան-Աստրախան քարշ տալու փորձեր այլեւս չեն արվում, ռուսական էմիսարները Երեւանում հայտարարում են, որ «Մոսկվայում գիտակցում են Ադրբեջանին զինամատակարարումների անխոհեմությունը», իսկ ՌԴ դեսպանը Երեւանում հայտարարում է Հայաստանի «կամուրջ լինելու» ցանկալիության մասին եւ այլն: Ավելին, Մոսկվան հայտարարում է, որ «արեւմտյան գործընկերների» հետ հարաբերությունները վերականգնելն առաջնահերթություն է, «փոխշահավետ» է:
Վերջին ութ տարվա ընթացքում արդյունաբերության ռեկորդային անկումը, հարաճուն հանրային դժգոհությունը եւ ինտելեկտուալ արտագաղթը Ռուսաստանին ստիպում են վերագնահատել իրավիճակը, փորձել փոխել մարտավարությունն Արեւմուտքի հետ իր ռազմավարական դիմակայության ընթացքում: Մոսկվային երկու մեծ փորձություն է սպասվում. «Հյուսիսային հոսք-2» գազատարի ակնհայտորեն եւ արմատապես հակաեվրոպական նախագծի վերաբերյալ Բրյուսելի համաձայնությունը կորզելը եւ փետրվարի 1-ին ԱՄՆ Կոնգրեսում ֆինանսների նախարարության եւ Ազգային հետախուզության համատեղ զեկույցի ընդգրկման մինիմիզացիան:
Երկու խնդիրներն էլ կենսական կարեւորություն ունեն Մոսկվայի համար: Եվ եթե գազատարի խնդիրը ժամանակային առումով մեծ անորոշություն է պարունակում՝ կապված ԵՄ բազմաթիվ ընթացակարգերի եւ համաձայնեցումների հետ, ապա փետրվարի 1-ին մնում են հաշված օրեր: Իսկ նախանշանները ոչ միայն Մոսկվայի համար են մտահոգիչ, այլեւ որոշ հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Օրերս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Մագնիտսկու ցուցակը» համալրեց մի քանի հնչեղ անուններով, որոնց թվում՝ ՌԴ գլխավոր դատախազ Չայկայի «բիզնեսի հանճար» որդին, որը բազմամիլիոն կարողության տեր է դարձել «բացառապես» սեփական տաղանդի շնորհիվ, Ուզբեկստանի նախկին նախագահ Քարիմովի դուստր Գուլնարան, Յանուկովիչի պատժիչ ջոկատի՝ «Բերկուտի» նախկին հրամանատարը: Իսկ երկրորդ ցուցակը, որը ԱՄՆ ֆիննախի՝ Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակն (OFAC) է ներկայացրել, ներառում է նախկին ԽՍՀՄ տարածքում գործող՝ «ռուսակենտրոն» քրեական հեղինակություններին, որոնց թվում է Ռուբեն Թաթուլյանը՝ «Ռոբսոն» մականունով, եւ նրա կողմից վերահսկվող երկու ընկերությունները: ԱՄՆ ֆիննախի հաղորդագրության մեջ նշված է, որ ցուցակում ներառված անձինք հետխորհրդային հանցավորությունը միավորող՝ «Օրենքով գողեր» քրեական սինդիկատի անդամներ են:
… Իսկ դուք ասում եք՝ «կամուրջ»: Հասկանալի է, որ ռուսական ներդրումների մասին խոսելն ուղղակի անլուրջ է, ինչպես նաեւ ռուսական շուկայում «ճեղքումների» ճանապարհով Հայաստանի ՀՆԱ-ի՝ բարձր տոկոսով աճ ապահովելու մասին խոսելը: Ռուսական շուկան ոչ միայն կրճատվում է, այլեւ ռուսական սուբյեկտները ոչինչ չեն խնայում Հայաստանի հնարավորությունները գրպանելու ուղղությամբ, ինչպես դա եղավ Մեղրու եւ Ագարակի գազամատակարարման ցանցի հետ, որը Կարեն Կարապետյանի կառավարությունը նվիրաբերեց «Գազպրոմին»: Օրերս Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքը, որով ներմուծումից կախված Հայաստանում բարձրանում են մաքսատուրքերը: Մեզ բացատրում են, որ դա ոչ միայն «բխում է մեր շահերից», այլեւ «պարտադիր չէ», որ գները բարձրանան: Դժվար չէ երեւանյան մթերային խանութներում, որոնք լցված են ռուսական արտադրության աղբով, համոզվել, որ գներն արդեն բարձրանում են, այն էլ՝ երկնիշ տոկոսով: Իսկ թե ինչ է լինելու ավտոմեքենաների շուկայում, դրանց առք ու վաճառքով զբաղվող շրջանակը շուտով կզգա: Այդ օրենսգիրքը հարվածելու է օգտագործած եւ էժան «Օպել»-ների գնորդներին, բայց ոչ «լյուքս» դասի մեքենաների, որոնք մի քանի հազար դոլարի համար հաստատ բողոքի ցույց չեն անի:
Դառնալով այդ «կամրջի» մյուս «կողմին»՝ ստացվում է, որ, օրինակ, եթե ըստ ՌԴ դեսպանի՝ Հայաստանը ցանկալի է, որ «կամրջի» դեր ստանձնի, ապա այն «կկամրջի» կեղտոտ փողերը եվրոպական շուկայի հետ, այն էլ՝ GSP+ ռեժիմից օգտվելով: Մի՞թե Հայաստանին սա՛ է պետք, եւ արդյո՞ք Արեւմուտքում այդքան պարզ բանը չեն հասկանում եւ թույլ կտան, որ «ռուսահայ» քրեականները Հայաստանը վերածեն կեղտոտ փողերի լվացքատան: Եվ սա կոչվելու է «ներդրումնե՞ր»:
Երեւի թե ժամանակն է Հայաստանի օրգանիզմը նույնպես մաքրել կրիմինալի եւ կոռուպցիայի բացիլներից: Մարտի 1-ի հետաքննությունը մնում է անավարտ, եւ այդ օրերի, որպես կանոն, «ռուսակենտրոն» դերակատարները շարունակում են մնալ որպես հայկական տնտեսական եւ քաղաքական համակարգերի կարեւոր գործոններ՝ մշտապես հարվածի տակ պահելով ազգային անվտանգությունը եւ երկրի ապագան: Նրանց սպասում է «Մագնիտսկու ցուցակը»:
Եվս մեկ անգամ հիշեցնենք «Գազպրոմբանկ» կոչված հիմնարկի ճակատագիրը Հայաստանում: 2016-ին նրա հայկական մասնաճյուղը հայտնվեց սեկտորալ պատժամիջոցների ցուցակում, իսկ ընդամենը երկու շաբաթ անց լքեց Հայաստանը…
… Հայտնի ռուս քաղաքագետ Լիլյա Շեւցովան օրերս հրապարակված՝ «Խփե՞լ, թե՞ չխփել» հոդվածում նշում է, թե ողջ ինտրիգն այն է, թե արդյո՞ք Արեւմուտքը կցանկանա մնալ որպես ռուս ինքնակալության ռեսուրս: Եվ իրոք, սա վերջին ինտրիգն է, որի հանգուցալուծումը յոթ սարի հետեւում չէ: Դրանից է մեծ հաշվով կախված նաեւ Հայաստանի՝ «կամրջի» հետ կապված ողջ դիցաբանության ճակատագիրը: Շատ մեծ է հավանականությունը, որ փետրվարից հետո, չհասնելով իր ուզածին, Ռուսաստանը սկսի բարձրացնել խաղադրույքները եւ ներկայիս «կառուցողականությունից» քարը քարին չթողնել: Այդ դեպքում մեծ փորձություն է սպասվում թե՛ մեզ, թե՛ Ուկրաինային: Բայց դրա մասին՝ հաջորդ տարի:
Իսկ 2018-ին ընդառաջ մնում է փաստել, որ միակ կամուրջը, որի կարիքն ունի Հայաստանը, դա կամուրջն է բանականության եւ քաղաքական պատասխանատվության միջեւ: Մնացածն ունայնություն է, այն էլ՝ ժամանակավոր, մի ժամանակահատվածում, որն ի սկզբանե պետք է կորցրած համարել, որքան էլ որ գործի դրվեն իշխան Պոտյոմկինից եւ կոմսոմոլից ժառանգություն մնացած «պոկազուխա» կազմակերպելու հնամաշ «դպրոցը» եւ ԿՎՆ-ական կրեատիվիզմը:
Մեզ բարդ եւ հետաքրքիր տարի է սպասվում, լցվե՛նք լավատեսությամբ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.12.2017