ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ հարցերով խորհրդի անդրանիկ նիստը:
Ողջունելով խորհրդի անդամներին և հրավիրվածներին` բնապահպանության նախարարը շեշտել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժը և առկա ձեռքբերումները չափազանց քիչ են օգտագործվում տարբեր բնագավառներում, մասնավորապես` շրջակա միջավայրի պահպանական խնդիրների լուծման մեջ: Բացը լրացնելու նպատակով Ա. Մինասյանն առաջարկել է խորհրդի նիստերն ավելի հաճախ գումարել:
Տեղեկացնելով, որ 2017 թ. գերատեսչությունը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները փոքր ծավալով օգտագործել է բնության հատուկ պահպանվող տարածքների/ԲՀՊՏ-ների/ պահպանության խնդրի լուծման գործընթացում` Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել ՏՏ ոլորտի ներուժի լիարժեք և արդյունավետ ներգրավումը, ինչն էականորեն կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը: «Համոզված եմ, որ բնապահպանության ոլորտում ՏՏ ներգրավվածության հնարավորությունները շատ ավելին են, և դրանց իրացումը կնպաստի նաև այդ ոլորտի համար լրացուցիչ ֆինանսական միջոցների գեներացմանը և, հետևաբար, զարգացմանը: Ներկայում մեր խնդիրն է այնպիսի դրամաշնորհային ծրագրեր մշակել, որոնք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելով, առաջընթաց կապահովեն և´ բնապահպանության խնդիրների լուծման հարցերում, և´ ՏՏ ոլորտում»,- հայտնել է Խորհրդի նախագահը:
ՏՏ խորհրդի առաջին նիստում քննարկվել են բնապահպանական գերատեսչության ստորաբաժանումների աշխատանքների համար տեղեկատվական և նորարարական տեխնոլոգիաների պահանջարկի, Ushadir.am հարթակի գործարկման ամփոփ հաշվետվության և բնապահպանական հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման անհրաժեշտ կարողությունների ապահովման համակարգի ներդրման հետ կապված հարցեր:
Լսելով ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարների ներկայացրած կարիքները` ՏՏ խորհրդի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները դրանց մի մասով լուծումներ են առաջարկել արդեն գործող տեղեկատվական համակարգերի միջոցով, իսկ մնացած հարցերում պատրաստակամություն հայտնել լիարժեքորեն ներգրավել իրենց ընկերությունների ներուժը:
Օրակարգային երկրորդ հարցի շրջանակներում «Այրես զարգացման» հիմնադրամի խորհրդի անդամ Արեգ Գեդեոնյանը ներկայացրել է իրենց կողմից մշակված Ushadir.am հարթակը: Գործարկվող կայքը հնարավորություն է տալիս բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիներին և իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության քարտեզի վրա առցանց տեղադրել ահազանգ, և նույն էլեկտրոնային պատուհանում պատասխանատու գերատեսչություններից ստանալ արձագանք, ինչը ոչ միայն կխթանի հասարակական վերահսկողական մեխանիզմի զարգացումը, այլ նաև պատասխանատու գերատեսչությունների աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացումը: Քննարկումների արդյունքում որոշվել է կայքի կառուցվածքում և բովանդակային լուծումներում լիարժեքությունն ապահովելու նպատակով կազմակերպել մասնագիտական քննարկում, ինչից հետո հարթակի սպասարկումը կփոխանցվի բնապահպանական գերատեսչությանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
Նիստի ավարտին Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և օգտակար քննարկման համար, ներկաներին շնորհավորել գալիք տոների առթիվ` 2018 թվականին ավելի ինտենսիվ աշխատանքի և առարկայական ձեռքբերումների ակնկալիքով:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն