Լրահոս
Օրվա լրահոսը

16 ավագանի Երեւանի բյուջեին դեմ քվեարկեց

Դեկտեմբեր 26,2017 16:56

Քիչ առաջ Երեւանի ավագանին 16 դեմ 47 կողմ եւ զրո ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Երեւան քաղաքի 2018-ի բյուջեն:

«Երկիր Ծիրանի»-ի ավագանին եկող տարվա բյուջեն որակեց «հաղորդում հանցագործության մասին»: Այս խմբակցության ավագանին քաղաքապետին հիշեցրեց Ավանի առանձնատունը, այլ պաշտոնյաների ունեցվածքը եւ այլն:

«Ելքի» ավագանի Թեհմինե Վարդանյանն ասաց, որ  բյուջեն անտեղի ուռճացված է եւ կան անիմաստ ծախսեր: Մասնավորապես` «Ելք»-ին մտահոգում էր, որ ի հաշիվ առողջապահական ծախսերի՝ բյուջեով այլ ծախսեր են նախատեսվում: Մինչդեռ առողջապահության ոլորտում մի շարք չլուծված խնդիրներ կան. «2017 թվականին առողջապահությանը հատկացված գումարը կազմել է 324 միլիոն դրամ , 2018-ին 238 միլիոն դրամ, ինչը 86 միլիոն դրամով կրճատվել է»:

Ըստ նրա, այսօր էլ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ կան անմխիթար վիճակում բուժհաստատություններ, որոնք սանիտարահիգիենիկ տարրական պայմաններ չունեն. «Ծեփերը թափված պատերով, բորբոսնած տանիքներով պոլիկլինիկաներ կան, որտեղ ծնողներն իրենց բալիկների հետ, տարեցներ հերթերում սպասում են: Թիվ 12 պոլիկլինիկան, Նոր Արեշի պոլիկլինիկան, երեք աթոռ է դրված՝ երկուսը կոտրված են, մեկն էլ` տակ չունի: Անընդունելի է անհայտ ասոցիացիաների վրա գումարներ դնել` կրճատելով առողջապահական ծախսերը»:

«Ելք»-ի ավագանի Անի Սամսոնյանը հիշեցրեց վերելակների պատճառով քաղաքացիների մահվան դեպքերը. «Աջափնյակում մի երեխայի գլուխ մնաց վերելակի տակ, մի երեխա ընկել էր հորը, անցյալ տարի 3 քաղաքացի մահացան, մինչդեռ բյուջեով վերելակների վերանորոգման ծախսեր նախատեսված է 109 միլիոն դրամ`այն էլ հիմնանորոգում, ոչ թե նորոգում:Թափառող շների վնասազերծման համար նախատեսվում է 115 միլիոն դրամ եւ հարց է ծագում, թափառող շներն ավելի՞ վտանգավոր են , քան վերելակնե՞րը»:

Անի Սամսոնյանն ասաց, որ «Ելքը» դեմ է քվեարկելու:

Տարոն Մարգարյանն ի պատասխան ասաց, որ Աջափնյակում վերելակի պատճառով մահացած երեխայի մահվան դեպքի օրինակը տեղին չէ, քանի որ դեպքը տեղի է ունեցել մասնավոր տանը, մասնավոր վերելակի պատճառով:

«Մենք չէինք սպասում, որ մեր հարգարժան գործընկերները շրջեին ընտրությունների ժամանակ եւ նոր տեսնեին վերելակների խնդիրը, մենք հենց առաջինն ենք բարձրաձայնել այդ մասին: Արդեն մի քանի տարի շարունակ քննարկումներ ենք իրականացնում, մենք նաեւ խորհրդատուներին ենք ներգրավում, որպեսզի վերելակային տնտեսության մեջ հիմնովին բարեփոխում իրականացնենք»:

Ինչ վերաբերում է ավագանիների բարձրացրած այն հարցին, թե անտեղի ասֆալտապատում է կատարվում, պարոն Մարգարյանն ասաց, որ Երեւան քաղաքին անհրաժեշտ է 27 միլիոն քառակուսի ասֆալտապատում, սակայն  ամեն տարի կարողանում են մինչեւ մեկ միլիոն քառակուսի ասֆալտապատում իրականացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031