Լրահոս
Օրվա լրահոսը

Եվգենի Կիսին. «Ձեր լեզուն նման է ձեր ճարտարապետությանը` վսեմ ու խստաշունչ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2017 16:52

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Հայաստանում է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը: Նրա համերգը փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը եւ գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն իրադարձություն որակեցին:

«Եվգենի Կիսինը հայ ժողովրդի մեծագույն բարեկամն է, եւ շատ հայերից ավելի հայ է»,-նշեց Ռոստոմյանը:

«Ուրախ եմ, որ Երեւանում եմ, շնորհակալ եմ, որ եկել եք, հույս ունեմ ձեզ տեսնել իմ համերգին»,-ասաց լեգենդար դաշնակահարը` դեկտեմբերի 26-ին Ազգային օպերային թատրոնում կայացած ասուլիսին:

Խոսելով իր համար կարեւոր իրադարձություններից, երաժիշտն առանձնացրեց իր անձնական կյանքում տեղի ունեցածը, ասաց, որ ամուսնացել է, կինն էլ կիսով չափ հայուհի է, կիսով չափ հրեա: «Կնոջս մայրը հայուհի է` գերմանական արմատներով»,-նշեց երաժիշտը: «Վերջին անգամ, երբ ես Հայաստան էի եկել համերգներով, ինձ հետ էր նաեւ հարսնացուս, ընդ որում, դա իմ երրորդ այցն էր, իր` առաջին»,-հավելեց նա:

Լրագրողներից մեկի հարցին` կինը հետաքրքրվա՞ծ է հայկական մշակույթով, Եվգենի Կիսինը անկեղծորեն պատասխանեց. «Կարծում եմ` նա չի նեղանա, եթե բացասական պատասխան տամ»:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 27-ի համերգին, ծրագրից առանձնացրեց Բեթհովենի Սոնատ N29-ը` այն որակելով որպես բարդագույն գործ, դաշնամուրային գրականության լավագույն նմուշներից մեկը: «Դա մի նոր աստիճան է այդ ստեղծագործությունը կատարող ցանկացած դաշնակահարի համար»,- շեշտեց Եվգենի Կիսինը:

Հարցին` իր համար կարեւո՞ր է, թե որ երկիր են հրավիրում, դաշնակահարը պատասխանեց. «Ինձ համար, իհարկե, նշանակություն ունի, թե որ երկիր եմ հրավիրվում: Ամեն երկիր ունի իր դեմքը, ժողովուրդները տարբեր են, եւ հիրավի, ժողովուրդների ու երկրների բազմազանությունը, համաշխարհային մշակույթի մասն է, նաեւ մեր մոլորակի զարդարանքը»:

Հայ կոմպոզիտորներին էլ անդրադարձ եղավ: Եվգենի Կիսինն առանձնացրեց Կոմիտասին, Բաբաջանյանին, Խաչատրյանին, իսկ Կոմիտասի «Կռունկը» որակեց իր սիրելի գործերից մեկը: «Ինձ ընդհանրապես հետաքրքրում է հայկական հնագույն մշակութային ժառանգությունը: Ես հիմա լսում եմ ձեր լեզուն, որը չեմ հասկանում, բայց այն նմանեցնում եմ ձեր ճարտարապետությանը` վսեմ ու խստաշունչ»,- ասաց դաշնակահարը:

Կուզենա՞ր, որ հատուկ իր համար ժամանակակից կոմպոզիտորները գործեր գրեն: «Ես նման հավակնություններ չունեմ, երաժշտությունը բոլորի համար է: Իսկ այն, ինչը տաղանդավոր է, նաեւ ինձ համար է…Անցյալ տարի մի շատ հայտնի կոմպոզիտոր, որի անունը չեմ տալիս, քանի որ իր թույլտվությունը չունեմ այդ մասին բարձրաձայնելու, ասաց, որ ցանկանում է ինձ համար մի գործ գրել: Ես ասացի`գրեք, տեսնենք, ինչ կստացվի…»,-հիշեց Եվգենի Կիսինը:

Նաեւ հավելեց, որ ինքը եւս սկսել է ստեղծագործել, մի բան, որ անում էր պատանեկան տարիներին: Հայտնեց, որ այդ ստեղծագործությունների մասին այլ հեղինակավոր անուններ դրական կարծիք են հայտնել, դրանք կատարել են այնպիսի համբավավոր երաժիշտներ, որոնց թվում են Գերինգասն ու Իսերլիսը:

Կիսինը նաեւ ափսոսանք հայտնեց, որ ժամանակակից կոմպոզիտորները համարյա չեն ստեղծագործում դաշնամուրի համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031