Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի դատական նիստը: Այս գործով ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանն է մեղադրանք ներկայացրել կնոջ դեմ՝ այն բանի համար, որ անցյալ տարվա ամռանը գիշերը ժամը 1-ի սահմաններում շենքի դիմաց Վլադիկ Մարտիրոսյանի՝ իր որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է եւ ճանկռել է նրա պարանոցը՝ պատճառելով իրեն ֆիզիկական ցավ: Մեկ ուրիշ օր էլ ճանկռել է Վլադիկ Մարտիրոսյանի թեւերը, ձեռքերը եւ պատճառել մարմնական վնասվածք:
Ինչպես արդեն հայտնել ենք, դատական այս նիստում քննարկվում է Թագուհի Մանսուրյանի պաշտպան Անժելա Հոբոսյանի ներկայացրած միջնորդությունը՝ դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին: Մանսուրյանները համոզված են, որ այդ փորձաքննությամբ կպարզվի՝ արդյոք իր արհեստական եղունգները կարո՞ղ էին Վլադիկ Մարտիրոսյանին պատճառել այն վնասվածքը, որի մասին նա պնդում է մեղադրանքում:
Անժելա Հոբոսյանը լուսանկարներ փոխանցեց դատարանին: Նրա խոսքով՝ «Անզեն աչքով էլ երեւում է, որ Թագուհի Մանսուրյանը, որպես մատնահարդար, ունեցել է նույն եղունգները»:
Դատավորը հարցրեց՝ քրեական գործի նախաքննության ընթացքում Թագուհի Մանսուրյանի եղունգներից նմուշներ վերցվե՞լ են, թե՞ ոչ: Դատախազն ասաց, որ ոչ, չի վերցվել եւ դրա անհրաժեշտությունն էլ չի եղել, քանի որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել Վլադիկ Մարտիրոսյանը եւ եզրակացություն կա, որ նա վնասվածքներ է ունեցել:
Հոբոսյանն ասաց, որ նախաքննության ընթացքում միջնորդություն են ներկայացրել, դատախազին էլ ենք ներկայացրել, ցուցմունքում էլ են գրել, որ դրանք սիլիկոնե եղունգներ են, պլաստմասսե չեն, ինչպես պնդում է դատախազը, որեւէ հետք չեն առաջացնում մարդու մարմնի վրա՝ լինի ձեռք, մարմնի որեւէ մաս, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկել, փորձաքննություն չեն արել:
Դատախազն էլ պատասխանեց. «Միջնորդություն եղել է, բայց միջնորդություն ներկայացնելու ժամանակ մենք նույնիսկ փորձանմուշ չենք ունեցել, ուստի հնարավոր չէր նման փորձաքննություն իրականացնել»:
Անժելա Հոբոսյանն արձագանքեց. «Եթե նախաքննական մարմինը անգործություն է ցուցաբերել, չի արել, հետո միջնորդությամբ ենք խնդրել, ո՞րն է այստեղ Թագուհի Մանսուրյանի մեղքը, թող անեին՝ չեն արել, անգործություն են արել: Այսօր էլ ստիպված ենք դատարանում նման միջնորդություն անել, որովհետեւ մերկապարանոց հայտարարության հիման վրա ունենք մեղադրական եզրակացություն:
Թագուհի Մանսուրյանի հայրը՝ Վաչագան Մանսուրյանն ասաց՝ իմ աղջկա ձեռքը պայուսակներ են եղել, չէր կարող նրան վնասել: Դատավորը հարցրեց՝ բա Վլադիկի վնասվածքները որտեղի՞ց՝ նա պատասխանեց. «Իրա արածն ա, շանտաժ է անում»:
Թագուհի Մանսուրյանն էլ դատարանում հիշեց, որ երբ դեռ ամուսնալուծվում էին, Վլադիկ Մարտիրոսյանն այդ մեթոդը կիրառում էր, էլի ինքն իրեն վնասում էր ու ասում էր՝ կինս է արել:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ավելի ուշ դատարանը դատահետքաբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը մերժեց:
Ի դեպ, կնոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը իրեն քերծելու համար կնոջը մեղադրում է Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով՝ 3 դրվագով: Մեր հարցին, թե ի՞նչ չափի պատիժ կլինի, եթե մեղադրանքը հաստատվի, Թագուհի Մանսուրյանն ասաց, որ նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով տուգանք է նախատեսվում՝ վատագույն սցենարի դեպքում, բայց դա միլիոններ է կազմում, քանի որ նույն հոդվածի մի քանի հատկանիշներով է:
Մանսուրյանների համար տարօրինակ է, թե այդքան իրենց ընտանիքին վնաս պատճառելուց հետո ինչպես է Մարտիրոսյանն ընկել քերծվածքների հետեւից ու ուզում տուգանել նախկին կնոջը՝ այդ գումարը կտրելով իր իսկ «երեխայի բերանից»: Երեխան հիմա բնակվում է Մանսուրյանների հետ, արդեն 3 տարեկան է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ