Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեցանք ստալինյան շրջանի սարքված քաղաքական հետապնդումներ». Ավետիք Իշխանյան

Դեկտեմբեր 26,2017 16:37

ՀՀ ԱԺ «Ելք» դաշինք խմբակցության անդամ, պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց՝ Հայաստանում թերևս չգտնենք իրավունք, որը խախտված չի եղել: Ըստ նրա՝ ավելի հեշտ է թույլ չտալ, որ իրավունք խախտվի, քան զբաղվել իրավունքների խախտումների հետևանքների վերացման գործով:

«Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը պարոն Զեյնալյանն ասաց. «Ես կառանձնացնեի արդար դատաքննական իրավունքի պաշտպանված չլինելը և արտադատական իրավունքի պաշտպանության անհասանելի լինելը: Առանձնացնեմ նաև ընտրական օրենսգրքի՝ ընդհանուր դարձած խախտումը: Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, այս տարի ևս ՀՀ-ում ազատ ընտրություններ չեն եղել: Խախտված է կամքի ազատ ձևավորման իրավունքը»:

ՄԻՊ գրասենյակի Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշեց. «Կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում օրենքները բավականին լավ են գրվում, կատարելագործվում, սակայն մարտահրավեր է օրենքի կիրառությունը: Սա օրենքը կիրառողների իրազեկման և վերապատրաստման խնդիրն է»:

Լուսինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ամենից շատ դիմումները ստացել են քրեակատարողական ոլորտի, ոստիկանության համակարգի և սոցիալական իրավունքների խախտումների վերաբերյալ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ փաստեց՝ մարդու իրավունքների պաշտպանությունը բխում է ժողովրդավարությունից ու իրավական պետությունից. «1995-ից մեզ մոտ ընտրությունները կեղծվում են: Այս տարի իշխանությունները կարողացան հասնել նրան, որ ոչ թե եղավ ընտրություն, այլ քվեարկություն: Մենք չունենք դատարանների անկախություն, իսկ նոր սահմանադրությունը դա չի ապահովում: Եթե համեմատություն անցկացնենք, ապա այս տարի խաղաղ հավաքների զանգվածային խախտումներ չեն գրանցվել, քանի որ ըստ էության, խաղաղ հավաքներ չեն էլ եղել: Ուստի դա դրական տեղաշարժ համարել չի կարելի: Ինձ համար ցավալի ու զարմանալի է, որ լրագրողների նկատմամբ են խախտումներն ավելացել»:

Պարոն Իշխանյանի համար ամենաաննախադեպ խախտումը դատարանի շենքում ամբաստանյալների նկատմամբ հաշվեհարդարն է. «Ոչ միայն Հայաստանի պատմության մեջ չեմ հիշում նման դեպք, այլև խորհրդային տարիներին: Անգամ եթե եղել է նման բան, եղել է ոչ հրապարակային»:

Պարոն Իշխանյանի հավաստիացմամբ՝ ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագիրն անգամ չի օգնի այս խնդիրները լուծելու համար. «Նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ում ընդունվեց դատական օրենսգիրք: Մի նախագիծ ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով, մեկ ուրիշը քվեարկվում է մեր խորհրդարանում: ԵՄ-ն կարող է աջակցել մարդու իրավունքների, ժողովրդավարության կայացմանը, բայց հույս դնել, որ Արևմուտքի ձյաձյաները պետք է գան ու մեզ մոտ եղանակ փոխեն, դա պատրանք է»:

Ավետիք Իշխանյանը մտահոգված է՝ ունեցանք ստալինյան շրջանի սարքված քաղաքական հետապնդումներ: Նա օրինակ բերեց Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի, Անդրիաս Ղուկասյանի, Արմեն Միքայելյանի, Դավիթ Հովհաննիսյանի գործերը և նրանց համարեց դասական խղճի բանտարկյալներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Azat says:

    Ե՞րբ ա “ստալինը” հասնելու քեզ, այ գրանտակեր

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031