Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա». բացարկ՝ «ծռերի» գործով դատավորին

Դեկտեմբեր 26,2017 16:30

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպանները դատավոր Արթուր Օհանյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն հայտնեցին՝ հաշվի առնելով այն փաստը, որ ավելի վաղ դատավորը, ինչպես իրենք հայտարարեցին, խախտեց փաստաբան Հայարփի Սարգսյանի իրավունքները: Միջնորդության առնչությամբ Հայարփի Սարգսյանը դիմելով դատավորին՝ հայտարարեց. «Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա»:

Մյուս պաշտպաններից Արայիկ Պապիկյանն էլ ասաց. «Մենք դատապարտված ենք նրան, որ դատարանը եւ մեղադրական կողմը փորձելու են խախտել մեր իրավունքները»:

Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ նկատեց՝ գործը քննող դատավորը պետք է հուզական չեզոքություն պահպանի, մինչդեռ Արթուր Օհանյանի վարքից իրենք նման եզրակացություն չեն կարող անել. «Դուք Հայարփի Սարգսյանին ասացիք՝ «համը արդեն հանում եք» ու նման արտահայտություններ, որոնք չպետք է թույլ տայիք: Դուք կողմնակալ վերաբերմունք ունեք Հովհաննես Հարությունյանի եւ նրա պաշտպանի հանդեպ եւ չեք համապատասխանում անաչառության մասին ՄԻԵԴ-ի չափանիշներին»:

Պաշտպաններից Հարություն Բաղդասարյանի կարծիքն էլ այսպիսինն էր. «Դատարանը չի կարողանում տիրապետել դատական նիստի ընթացակարգին, դատարանի գործողությունները համաչափ չեն»:

Մեղադրող-դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ պնդելով, որ այն հիմնավորված չէ: «Դատարանն ընդամենը նիստի կարգը պահպանելու գործողություններ է իրականացրել»,-համոզմունք հայտնեց դատախազ Հակոբ Ենոքյանը:

Մյուս դատախազ Արթուր Չախոյանն էլ հավելեց. «Դատավորի օրինական գործողություները չի կարելի որպես կողմնակալություն որակել»:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արթուր Օհանյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել, իսկ դա նշանակում է, որ այս գործի քննությունը շարունակելու է նախագահել Արթուր Օհանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031