Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել, դու կացնով ընկել ես կանանց հետեւից…». Վեճ՝ Մանսուրյանների դատին

Դեկտեմբեր 26,2017 16:20

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի դատական նիստը:

Թագուհի Մանսուրյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը նոր միջնորդություն ներկայացրեց դատարան: Նա ասաց, որ Թագուհու մորը՝ Կարինեի սպանության գործով կա տեսաերիզ, որտեղ Վլադիկ Մարտիրոսյանը հարցաքննության է ենթարկվում: Տեսանյութում, ըստ նրա, երեւում է Վլադիկ Մարտիրոսյանը, հարցաքննության ժամանակ նրա թեւերը եղել են բաց եւ նրա մարմնի վրա քերծվածք չի եղել: Միջնորդությամբ Հոբոսյանը խնդրեց այդ տեսասկավառակը զննել, որ հիմնավորվի Թագուհի Մանսուրյանի անմեղությունը:

Հիշեցնենք, որ Վլադիկ Մարտիրոսյանը նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին մեղադրում է իր թեւերը քերծելու եւ իրեն վնասելու համար:

Դատախազը չառարկեց, որ այդ տեսագրությունը դատարանում զննվի, բայց ասաց, որ անձի առողջության վերաբերյալ տեղեկությունները միայն փորձաքննությունով են հաստատվում, իսկ փորձաքննությամբ հաստատվել են Վլադիկ Մարտիրոսյանի վնասվածքները:

Վլադիկ Մարտիրոսյանն առարկեց. «Ես կամ նշված տեսանյութում, տեսանյութից հետո փորձաքննություն է նշանակվել, դատաբժշկի արդյունքները կան իմ վնասվածքների: Տեսանյութի մեջ եւ ցուցմունքում էլ նշել եմ, որ չեմ հիշում որ վնասվածքը որ ժամին եմ ստացել՝ այդ օրը ժամը 1-ին, ժամը 4-ին»:

Դատավորը հարցրեց՝ քեզ որ տարել են հարցաքննության, վնասվածքները ձեռքերի հատվածում եղե՞լ են, դու պնդո՞ւմ ես դա՝ Վլադիկը պատասխանեց, որ այո, եղել են:

Այս միջնորդության մասով դատարանը որոշում կկայացնի հաջորդ դատական նիստին:

Միջնորդություններից մեկն էլ վերաբերում է մի դատական ակտի, ըստ որի, Թագուհի Մանսուրյանը իր երեխային պատշաճ տարել է հոր մոտ՝ տեսակցության, մինչդեռ դատարանում Վլադիկ Մարտիրոսյանը պնդում էր, որ Մանսուրյանները թույլ չեն տվել իրեն տեսակցել երեխային: Դատական նիստում այս միջնորդությունից հետո վիճաբանություն եղավ Թագուհու հոր՝ Վաչագանի եւ Վլադիկ Մարտիրոսյանի միջեւ: Վերջինս սկսեց բղավել, թե «որ երեխուն բերած լիներ տեսակցության՝ սենց բան չէր լինի»: Նա պոռթկաց, սկսեց գոռգոռալ, դատավորը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ նախազգուշացում՝ դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Վլադիկ Մարտիրոսյանը Մանսուրյանների վրա գոռում էր՝ «երեխու գող»: Վաչագան Մանսուրյանն էլ բորբոքվում էր, թե՝ «ի՞նչ երեխու գող, մենք քո երեխու պահողն ենք, տերն ենք, գող չենք…դու ի՞նչ տեսակ մարդ ես, տղամարդն իր կնոջ վրա ձեռք չի բարձրացնի, ես իմ կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել, դու կացնով ընկել ես կանանց հետեւից…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031