Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի համար ԱՄՆ-ում հանգանակված գումարը հետ պահանջելու վերաբերյալ այս աշնանը մեծ աղմուկ բարձրացավ: Զոհված Կիրակոսյանի կինը ահազանգել էր, որ Ֆիլադելֆիայի հայ համայնքի հանգանակած 1200 դոլարը իրենց տվել ու մի քանի օր հետո հետ են պահանջել: Այս խառը պատմության մեջ Կիրակոսյանները մեղադրում էին Մյուլլերների ընտանիքին՝ գումարը հետ պահանջելու համար, վերջիններս էլ մեղադրում էին Կիրակոսյաններին, որ իրենք են գումարը վերադարձրել:
Լուսինե Մյուլլերը ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Կիրակոսյանների կրտսեր որդին եղբոր համար կատարված հանգանակությունը ստանալուց հետո սկսել է հետապնդել իր դստերը՝ 19-ամյա Լենային, տիկին Մյուլլերը նաեւ հրապարակեց նամակագրությունը, որում կրտսեր Կիրակոսյանը համոզում էր Լենային գալ Հայաստան. «Մենք խնդրեցինք մեր ընտանիքին հանգիստ թողնել։ Բայց տղայի կողմից շարունակվեց մեր աղջկան համոզելն ու հետապնդելը։ Եթե մենք լռեինք, նշանակում էր, որ մենք հանդուրժում ենք բարերար 17-18 տարեկան աղջկան բարերարության դրամներով փախցնելու ծրագիրը: Զոհվածի եղբայրը իմ աղջկան փախցնելու ցանկություն ուներ: Նա իմ աղջկան անընդհատ նամակներ էր ուղարկում՝ համոզելով գալ Հայաստան, խոստանում էր տոմսի գումարն էլ ուղարկել, միայն նա Հայաստան գնա, ասում էր՝ Լենս, եթե դու եկար Հայաստան, ես երդվում եմ, որ էլ չեմ թողնի գնաս, երբ եկար, դու Ամերիկան արդեն մոռացած պետք է լինես»:
Այս դեպքից ուղիղ մեկ ամիս անց, փաստորեն 19- ամյա Լենան գալիս է Հայաստան՝ թողնելով Ֆիլադելֆիայում իր ուսումն ու հարազատներին, արդեն մեկ ամիս է՝ Լենան ու զոհված Կիրակոսյանի կրտսեր եղբայրը՝ 31-ամյա Արթուրը, Ապագա գյուղում միասին են ապրում, պատրաստվում են օրինականացնել իրենց ամուսնությունը:
Տիկին Մյուլլերը այս դեպքի վերաբերյալ մեր հարցերը թողեց անպատասխան:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ