Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի դատական նիստը:
Այս անգամ ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանն է մեղադրանք ներկայացրել կնոջ դեմ՝ այն բանի համար, որ անցյալ տարվա ամռանը գիշերը ժամը 1-ի սահմաններում շենքի դիմաց Վլադիկ Մարտիրոսյանի՝ իր որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է եւ ճանկռել է նրա պարանոցը՝ պատճառելով իրեն ֆիզիկական ցավ: Մեկ ուրիշ օր էլ ճանկռել է Վլադիկ Մարտիրոսյանի թեւերը, ձեռքերը եւ պատճառել մարմնական վնասվածք:
Թագուհի Մանսուրյանը նախորդ դատական նիստում միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որ դատահետքաբանական փորձաքննություն նշանակվի՝ պարզելու համար՝ արդյոք իր արհեստական եղունգները կարո՞ղ էին Վլադիկ Մարտիրոսյանին պատճառել այն վնասվածքը, որի մասին նա պնդում է մեղադրանքում: Թագուհի Մանսուրյանը դատավորին բացատրեց, որ բնական եղունգով ճանկռելու դեպքում, միգուցե առաջանար քերծվածք, բայց ինքը միշտ արհեստական եղունգներով է եւ ունի ապացույցներ՝ տարբեր տարեթվերին արված լուսանկարներ, տեսագրություններ, հիվանդանոցում լրագրողների տեսանյութերը, որտեղ եղունգները երեւում են:
Այսօր դատավորը Վլադիկ Մարտիրոսյանին հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունի այդ միջնորդության վերաբերյալ, նա առարկեց՝ ասելով, թե Թագուհու եղունգները բնական չեն. «Այդ եղունգները կարան մի օր լինեն, մի օր չլինեն, ոչ մի բան չենք կարա իմանանք՝ եղունգը եղել է թե չէ»:
Ի դեպ, Վլադիկ Մարտիրոսյանը դատավորին նաեւ հորդորում էր արգելել դատական նիստում ոչ միայն տեսանկարահանումը, այլեւ ձայնագրությունն առհասարակ: Նրա մեկնաբանությամբ՝ լրագրողները դատական նիստերի նյութերում տարաբնույթ մեկնաբանություններ են անում, որոնք իր սրտով չեն: Դատավորը հիշեցրեց, որ դատական նիստերը հրապարակային են, ուստի ձայնագրել արգելել չի կարող: Նա միայն արգելեց տեսանկարահանել նախագահող դատավորին եւ Վլադիկ Մարտիրոսյանին:
Կացնահարված Թագուհի Մանսուրյանի հայրը՝ Վաչագան Մանսուրյանը դատավորին ասաց, որ դեպքի հենց առաջին օրն էլ Վլադիկ Մարտիրոսյանի հետ կապված տեսանյութեր կան. «Իր ձեռքերի վրա ոչ մի ճանկռվածք չկա, իմ աղջիկը մեկ-երկու օր պառկած է եղել վերակենդանացման բաժանմունքում, նույն եղունգներն են եղել, նկարահանված է, ուրիշ եղունգ չի եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ