«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց պարզ երկնքի մասին որակեց լրագրողի հարցը՝ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադի՞ր տիրույթում է, թե՞ ոչ:
«Էլի հարց եք տալիս պարզ երկնքի մասին»,- այսօր «Հայելի» ակումբում հարցին պատասխանեց պատգամավորը:
Անդրադառնալով 2018-ին վարչապետի հավանական թեկնածուներին՝ Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան, Տիգրան Ուրիխանյանը շարունակեց. «Բարեբախտաբար, քաղաքական մեծամասնությանը չեմ պատկանում, այս քաղաքական իրավիճակում ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ իրավունք՝ որոշելու, թե նրանցից որ մեկն է առավել նպատակահարմար: Կա քաղաքական մեծամասնություն, որը ձեւավորվելու է ընտրությունների արդյունքում, ինքը պետք է որոշի, թե իրենցից ով է առավել նպատակահարմար»:
Կառավարության փոփոխության տարբերակը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ձեզ համար ավելի՞ ընդունելի տարբերակ է հարցին, բանախոսը պատասխանեց. «Ինձ համար կա մեկ ընդունելի տարբերակ, եթե կառավարությունը ձեւավորվի մեր դաշինքի կողմից եւ մենք կարողանանք իրականացնել այն տասնհինգ գումարած մյուս կետերը, որոնք նախընտրական շրջանում առաջարկել ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ