Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ամփոփում է թատերական տարին, 2017-ը, նրա համար, լի էր թատերական իրադարձություններով, առանձնացրեց հատկապես «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը. «Արտավազդը» մեծ թափ է առնում։ 2018-ին այն պատրաստվում ենք անցկացնել ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիսում»։
Հակոբ Ղազանչյանի համոզմամբ, Գավառի, Գորիսի, Կապանի, Արտաշատի ու մարզային մնացած թատրոնները պետք է մշտական ուշադրության կենտրոնում լինեն: Ըստ նրա՝ Գավառի թատրոնի նոր շենքի կառուցման ուղղությամբ նախորդ մարզպետը հսկայական ջանքեր է թափել, բայց շենքի կառուցումը դեռ ավարտին չի հասել. «Թեպետ կան թերություններ, այն է՝ կաթսայատունը վերին հարկում է տեղակայված, լուսավորությունը ճիշտ չի կարգավորված, փորձասենյակ չկա և այլն, այնուամենայնիվ, լավ գործ է արվել»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ներկայացումների թեմատիկան հնացած է, պարոն Ղազանչյանի համար անհասկանալի մնաց. «Թեմատիկայի կրկնությունը հնություն չէ։ Ես չեմ հասկանում Ձեր հարցերը։ Դուք ճիշտ հարցադրում չեք տալիս։ Ուրեմն «Համլետ» չբեմադրե՞նք։ Էդ ի՞նչ հարց եք տալիս։ Կամ ես «Ռևիզորը» բեմադրեցի վերջերս, չբեմադրեի՞։ Դասականը մնում է դասական, և դասական արժեքները կարելի է անընդհատ բեմադրել։ Դա թեմայի կրկնություն չէ։ Դասական գործը յուրաքանչյուր ժամանակաշրջանում բացվում է նոր ձևով, իհարկե նաև էդտեղ բեմադրիչի տեսանկյունը պետք է հստակ լինի։ Ձեր հարցը ճիշտ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ