Նրանք նահատակվեցին վասն հայրենյաց: Հայրենիքի սահմաններն անառիկ պահած դիրքապահ զինվորներին, սպաներին, ենթասպաներին ու շարքայիններին` մերօրյա հերոսներին փառաբանելու, նրանց սխրանքն ու քաջագործությունը, նվիրական առաքելությունն արժևորելու, որդեկորույս մայրերի վիշտն ամոքելու նպատակով «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հերոսներն անմահ են» խորագիրը կրող հերթական միջոցառումը: Միջոցառումն իրականացվում է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանի նախաձեռնությամբ: «Նարեկացի» արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանը նշեց, որ միությունը սիրով ու ըմբռնումով է աջակցում նմանատիպ միջոցառումների իրականացմանը։
Հանդիսատեսի առաջին շարքերը զբաղեցնում են մեր հերոսների սևազգեստ մայրերը: Մանուշակ Ստեփանյանը Հայաստանի անգամ հեռավոր մարզերից յուրաքանչյուր ամիս «Նարեկացի» արվեստի միություն է հրավիրում հերոսացած տղաների մայրերին, հայրերին, երախտագիտությամբ կրկնում, որ նրանց որդիների շնորհիվ ունենք ապահով այս օրը և ընտանեկան ջերմությամբ փորձում գոնե մի քանի ժամով նրանց կտրել իրենց տան «հուշ անկյուններից»: Մանուշակ Ստեփանյանն ասաց, որ միջոցառումը շարունակական կլինի նաև գալիք տարում, քանզի հերոսների մայրերը միայնակ չեն իրենց վշտի հետ, բոլորս նրանց կողքին ենք, նրանց զորակցելու պատրաստակամությամբ, նրանց հերոս զավակներին հիշելով, մեծարելով ընդմիշտ ապրեցնելու հաստատակամությամբ։
Ցուցադրվեց սցենարիստ և ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Հարատև կռիվ» ֆիլմի երաժշտական հավելվածը, ինչպես նաև՝ Շուշիի ազատագրմանը նվիրված «Խրամատի արվեստ» ֆիլմից հատվածներ։
Ելույթ ունեցավ «Հարատև կռիվ» ֆիլմի երաժշտական հավելվածի երգիչ- կատարող Գևորգ Հաջյանը, ով միշտ հայ զինվորի կողքին է եղել, փորձել իր երգով քաջալերել առաջնագծում գտնվող զինվորին, սպային։
Երեկոյի ընթացքում իրենց երգերը բացակա տղերքին նվիրեցին Արման Կարապետյանը, երիտասարդ կատարող Հասմիկ Անդրեասյանը: Մերօրյա հերոս, շարքային Խաչատուր Բադասյանի հիշատակին նվիրված ուշագրավ մի բանաստեղծություն ներկայացրեց Զեփյուռ Սարդարյանը, Խաչատուրին ներկայացնելով որպես քաջ զինվորի հավաքական կերպար՝ այդպիսով իր գրածը ձոնելով բոլոր այն հայորդիներին, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի սահմանների անառիկության։
Ցուցադրվեց անմահ հերոս Վուրգ Ոսկանյանի որդու՝ Սուրեն Ոսկանյանի, զոհված ազատամարտիկ Արամայիս Միքայելյանի եղբոր՝ Արսեն Միքայելյանի և «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանի պատրաստած տեսանյութը 90-ականների և մերօրյա հերոսների կերպարի, արտաքինի ու խիզախության զարմանալի նմանությունը հավաստող տեսաշարով՝ հերոսների դիմանկարները ներկայացնելով որպես անմահության մարտիկների ոգեկոչման ձոներգ: Հերոսների թափած արյունը պարտավորեցնում է կյանքի գնով պահված հայրենիքը միայն շենացնել ու թշնամուն ցույց տալ, որ հայի ապրելու ոգին անմահ է:
Նրանք գնացին Անմահության ճանապարհով, հավերժ փառք քաջերին: Տիկին Մանուշակը հորդորում է «Մայր Մանե» ՀԿ-ի` [email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկել ձեր բակի, ձեր թաղամասի կամ փոքրիկ քաղաքի զոհված կամ անհետ կորած այն հերոսների տվյալները, ում անունները դեռևս չեն հնչել տեսաֆիլմերում: Ապարանից մինչև Մասիս, Գյումրիից մինչև Երևան՝ հարկավոր է խնամքով հավաքագրել լուսանկարները, անունները և նրանց սխրանքի մասին պատմել բոլորին: Հարկավոր է ճանաչել մեր հերոսներին: 90-ականներին հաշմանդամ դարձած ազատամարտիկները, զոհված հերոսների ընտանիքները՝ հաճախ անուշադրության մատնված, անտեսված, իրենց վշտի ու խնդիրների հետ մեն-մենակ ապրեցին:
Այսօր, համացանցի, լրատվամիջոցների ակտիվ գործունեության շնորհիվ գրեթե ոչ մի զինհաշմանդամ կամ հերոսի ընտանիք անտեսված չէ: Եվ երախտագիտության են արժանի այն մարդիկ, ովքեր հավաքագրում և ներկայացնում են հերոսների մասին պատմող ֆիլմեր, այն կազմակերպությունները կամ մարդիկ, ովքեր օգնում են հերոսների ընտանիքներին, որպեսզի նրանց զավակները զրկանքներով չմեծանան, իրենց մինուճար որդիներին, իրենց միակ խնամողին կորցրած մայրերը անուշադրության չմատնվեն: Մեր կողքին ապրող հերոսները և մեզնից հեռացած հերոսների ընտանիքները յուրաքանչյուրիս ուշադրության, հոգածության կարիքն ունեն… Նրանք բոլորը, զորացած հաղթանակի հավատով, մարտնչեցին, և Արցախի պաշտպանության գոյամարտում ծնվեցին նոր հերոսներ, որոնց անմահ անունները նույնպես ոսկե տառերով գրվեցին հայոց նորօրյա պատմության էջերում։
Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ