Դեկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) տեղի ունեցավ «Ոսկե հասկ» 11-րդ մրցանակաբաշխությունը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ), ՀԱԱՀ ռեկտորատի, ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց և կառույցներին:
Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, բուհի՝ տարբեր տարիների շրջանավարտներ:
Մրցանակներ շնորհվեցին «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն», «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Լավագույն կուրս», «Համալսարանի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում», «Լավագույն երիտասարդ հետազոտող», «Համալսարանի հետ համագործակցող շրջանավարտների լավագույն կուրս» անվանակարգերում:
Կարեն Ավագյանը նշեց, որ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության ժամանակ առանձնանում են այն մարդիկ, որոնք իրականում իրենց աշխատանքով, գիտելիքներով, մոտեցումներով մի փոքր ավելի տարբեր էին, քան մնացածները. «Ոսկե հասկը» 11 տարվա պատմություն ունի, և 11 տարվա մեջ շատ հաճելի է, երբ ամեն տարվա ընթացքում կարողանում ենք առանձնացնել այն մարդկանց, որոնք արժանի են մրցանակի: Շատ է խոսվում՝ մեր երիտասարդությունը լավն է, վատն է, կամ նախկիննե՞րն էին ավելի հետաքրքիր, թե՞ այս սերունդը, բայց նմանատիպ միջոցառումները գալիս են ապացուցելու, որ ամեն տարի ուսանողությունն իր բնութագրականն ունի: Այդ բնութագրիչներից մեկն է նաև նման մրցանակաբաշխությունը»:
Կարեն Ավագյանը ցանկություն հայտնեց՝ անհատներն ու կազմակերպություններն այնքան շատ լինեն, որ ցանկացած հանձնաժողովի համար դժվար աշխատանք լինի ընտրել լավագույնին: Միևնույն ժամանակ պատգամավորը հավաստիացրեց՝ անգամ այդ դեպքում էլի կլինեն լավագույններ, քանի որ էլի կլինեն տարբերվող մարդիկ, որոնք մի փոքր ավելին են արել, քան իրենցից պահանջվում էր:
ՀԱԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխություն այս տարի ունի նորամուծություն. «Առանձնացրել ենք երկու հատուկ մրցանակ. մեկը լավագույն երիտասարդ հետազոտողն է, մյուսը՝ համալսարանի հետ համագործակցած շրջանավարտների լավագույն կուրսը: Այս անվանակարգերով պետք է խրախուսենք մեր շրջանավարտների՝ համալսարանի հետ համագործակցությունը, իսկ երիտասարդ հետազոտող անվանակարգը ներառվել է գիտական խորհրդի որոշմամբ, որպեսզի խրախուսվեն երիտասարդ գիտականները»:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն ուղեկցվեց երաժշտական ծրագրով. հանդես եկան Սոֆի Մխեյանը, Սոնա Շահգելդյանը, Ռուբեն Սասունցին և այլք:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն