Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա այդ նույն թուրքի դեմ է կռվել». ինչպե՞ս արձագանքեց դատախազը «ծռերի» մեղադրանքներին

Դեկտեմբեր 26,2017 13:39

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով այսօրվա նիստում ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի՝ «Դեդ»-ի եւ դատախազների միջեւ լեզվակռվից հետո Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց նիստերի դահլիճ վերադարձնել Հակոբյանին:

Մյուս պաշտպաններն ու ամբաստանյալները միացան միջնորդությանը, որի առնչությամբ ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը հայտարարություն արեց. «Նախորդ նիստում դատախազը Մարտիրոս Հակոբյանին «թուրք» անվանեց: Նա այդ նույն թուրքի դեմ է կռվել ու մեծ արժանիքներ ունի, ինչը դուք չունեք: Ձեր պես դատարանը ժամանակին Նժդեհին դատում էր հայրենասիրության համար: Ամեն ինչ անում եք, որ Ադրբեջանը հրճվի, որ այստեղ Արցախյան պատերազմի հերոսներին են դատում»,-դիմելով դատախազներին՝ ասաց նա:

Դատախազներից Արթուր Չախոյանն էլ իր հերթին ասաց, որ իրենց կողմից երբեւէ դատական նիստը խափանելուն ուղղված քայլեր չեն կատարվել, մինչդեռ Մարտիրոս Հակոբյանը խախտել է դատական նիստի կարգը, հետեւաբար՝ նրա հանդեպ կիրառված սանկցիան իրավաչափ է: «Անաչառ դիտորդի համար էլ է պարզ, որ Հակոբյանն անհարգալից վերաբերմունք դրսեւորեց դատարանի հանդեպ: Պաշտպանական կողմը երբեւէ չի նկատում ամբաստանյալների անհարգալից վերաբերմունքը»,-ընդգծեց դատախազը:

Ի վերջո, դատավոր Արթուր Օհանյանը որոշեց «Դեդ»-ին նիստերի դահլիճ վերադարձնելու միջնորդությունը մերժել. «Միաժամանակ, կարգի եմ հրավիրում դատավարության բոլոր մասնակիցներին, մասնավորապես՝ դատախազներին, եւ նրանց հանդեպ նախազգուշացում եմ հայտարարում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031