Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր հերթական միջադեպը տեղի ունեցավ ամբաստանյալների եւ մեղադրող դատախազների միջեւ:
Ամբաստանյալներից հատկապես Մարտիրոս Հակոբյանին՝ «Դեդ»-ին, զայրացրեց այն հանգամանքը, որ դատախազները գրավոր ապացույցներ են ընթերցում՝ չբացատրելով, թե ինչպես է X անձնավորությունը ճանաչվել որպես տուժող: Դատախազներն էլ նշեցին, որ իրենց հարցեր ուղղելու եւ բացատրություններ պահանջելու ընթացակարգ չկա:
Ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանը սկսեց տեղից բղավել, ապա վիրավորական արտահայտություններ ու պիտակավորումներ հղեց դատախազների հասցեին: «…-ը դու ես, արա՜»,-հետեւեց դատախազ Հակոբ Ենոքյանի պատասխանը: Մարտիրոս Հակոբյանը վիրավորական արտահայտությունների համար ենթարկվեց սանկցիայի եւ հեռացվեց նիստերի դահլիճից՝ երեք ժամով:
Ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանը դատավոր Արթուր Օհանյանին մեղադրեց, որ դատախազներին թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ անել իրենց հասցեին: Դատավորն էլ պարզաբանեց՝ դատախազներն իրենց աշխատանքն են կատարում, մինչդեռ Մարտիրոս Հակոբյանն անհարգալից վերաբերմունք դրսեւորեց դատարանում:
«Իրենց պարտականությունն է ասել՝ «ձենդ կտրի՞»,-չհամաձայնեց Սերգեյ Կյուրեղյանը:
Դատավորն էլ հորդորեց ըստ դատավարական ընթացակարգի հետեւել գրավոր ապացույցների հրապարակմանը, հետո՝ գնահատականներ հնչեցնել: «Ոչնչից վրդովմունք առաջացավ»,-նկատեց դատավորը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ