Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստում այսօր հրապարակվում են գործում առկա գրավոր ապացույցները, մասնավորապես՝ ամբաստանյալների վնասազերծման ժամանակ նրանց հագուստների առգրավման արձանագրությունները:
Ամբաստանյալներից Արամ Հակոբյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ներկայացնելով մինչեւ հագուստների առգրավումը տեղի ունեցած որոշ մանրամասներ:
Նրա խոսքով՝ նշյալ փաստաթղթերում նշված չի, թե իրավապահներն իրեն ինչպես են բռնել. «Նշված չի, որ ես անզեն եմ եղել այդ պահին: Ուզում եմ, որ բոլորն այդ ամենն իմանան: Ինձ 20-30 հոգով տապալել են գետնին ու բոլորի աչքի առաջ խոշտանգել են, ծեծել են…Այդ ամենը տեսագրվել է իրենց իսկ կողմից»:
Արամ Հակոբյանն ընդգծեց՝ քննիչները գրել են, թե ինքն իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ է վնասազերծվել, մինչդեռ, իր պնդմամբ, այդպես չէ. «Ոչ մի փոխհրաձգություն չի եղել, մեր կողմից ոչ մի կրակոց չի եղել, այդ նրանք էին սառնասրտորեն գնդակահարում մարդկանց, անգամ այն ժամանակ, երբ մենք ջուր էինք խմում…Ես այդ պահին ընդամենն օգնում էի արնաքամ լինողին, անգամ զինված չէի»:
Մեղադրող-դատախազներից Հակոբ Ենոքյանը պարզաբանեց, որ ապացույցները հետազոտվում են այն վիճակում, որում արձանագրվել են: Դատավոր Արթուր Օհանյանն էլ հավելեց՝ եթե ամբաստանյալներն առարկություններ ունեն դրանց առնչությամբ, դատաքննության ընթացքում արտահայտվելու հնարավորություն կունենան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ