Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Սերժանտ Արամայիս Սահակյանին հանդիպեցինք գնդապետ Արմեն Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասի մշտական տեղակայման վայրում: Տղաները մի քանի օր է, ինչ վերադարձել են մարտական հերթապահությունից, այդուհանդերձ օրվա կարգացուցակով սահմանված պարապմունքներն էին կատարում` զենքի և զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի հետ վարվելու, մարտական հերթապահության, պահակային և կայազորային ծառայության կազմակերպման, մի խոսքով, անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ:
Չնայած բազմազբաղությանը` նա իր հանգստի ժամանակահատվածը պատրաստակամորեն հատկացրեց մեզ և ամենայն լրջությամբ պատասխանեց մեր կողմից տրված զինծառայությանն առնչվող հարցերին:
Արամայիս Արսենի Սահակյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 24-ին Սպիտակ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մարքետինգի բաժինը: Ուսման առաջին կիսամյակն ավարտելուց հետո՝ 2016 թվականին զորակոչվել է ծառայության՝ քաղաքացիական իր պարտքը կատարելու համար: Իսկ ծառայությունից հետո շարունակելու է կրթությունը, մարդու կյանքում դրա կարևորությունը հստակ գիտակցելով ու նպատակադրվածությամբ:
Մենք նախ փորձեցինք պարզել, թե ինչպես է անցնում զինծառայողների առօրյան, և որպես կրտսեր հրամանատար՝ նա ինչպես է այն կազմակերպում:
Սերժանտ Ա. Սահակյանի հավաստմամբ՝ ծառայողական առօրյան բավականին հետաքրքիր է անցնում: Չնայած գոյություն ունեցող դժվարություններին ու խնդիրներին՝ զորամասի հրամանատարությունն ամեն ինչ անում է, որ մարտական հերթապահությունից հետո ամբողջապես կարողանան լիցքաթափվել և հանգստանալ: Իսկ հանգստյան օրերին կազմակերպվում են բազմաթիվ սպորտմասսայական միջոցառումներ, մրցումներ, որոնցով տղաներն ավելի են լիցքաթափվում և նոր ավյուն հավաքում մարտական հերթապահությունն ավելի թարմ ուժերով կրելու համար:
«Ինչ վերաբերում է ջոկին ու նրա առօրյայի կազմակերպմանը, ապա որպես կրտսեր հրամանատար պետք է ասեմ, որ հրամանատար լինելն այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպես երբեմն ոմանք են կարծում: Բանն այն է, որ թեկուզեւ ջոկում, և մասնավորապես դիրքերում, ամենատարբեր բնավորության երիտասարդներ կան, և յուրաքանչյուրի հետ յուրատեսակ մոտեցում պետք է ցուցաբերել, այսպես ասած, բոլորի հետ պետք է լեզու գտնել: Ես կարծում եմ, որ որպես կրտսեր հրամանատար կարողանում եմ կատարել իմ պարտականությունները: Դրա կարևորագույն նախապայմաններից մեկն էլ այն է, որ զինծառայողները հրամանատարից ոչ թե պետք է վախենան, այլ պետք է ամեն ինչ հարգանքով ու գիտակցաբար կատարեն»:
Փորձեցինք պարզել նաև, թե որպես դիրքի ավագ ինչպես է նա կազմակերպում խնդիրներից կարևորագույնը` մարտական հերթապահությունը: Արամայիսը համամիտ է, որ մարտական հերթապահության կազմակերպումը բարդ խնդիր է, և այդ ընթացքում պետք է հաշվի առնել ամեն ինչ. «Այստեղ մանրուքներ չեն լինում թե դիրքեր բարձրանալիս, թե հանգստի կազմակերպման, թե արթուն հերթափոխի ժամանակ։ Դիրքի ավագի գործը դժվար է այն առումով, որ համարվում ես մարտական հերթապահություն կրող անձնակազմի պատասխանատուն: Պետք է հետևես, որ ամեն ինչ կատարվի ճիշտ ժամանակին ու հաստատված գրաֆիկի համաձայն: Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում բացթողումներն ու թերացումները տեղ չունեն, և դա բոլորս ենք գիտակցում: Սա է հաջողության գրավականն ու սահմաններն անառիկ պահելու նախապայմանը»:
Ինչ վերաբերում է մարտական հերթապահության և առօրյա ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում առաջացած խնդիրներին, ապա ըստ Արամայիս Սահակյանի, դրանք անհրաժեշտության դեպքում լուծվում են հրամանատարության հետ համատեղ ջանքերով:
Հարազատներին բարեմաղթանքներ հղելու առումով սերժանտ Ա. Սահակյանը զուսպ էր և ուղղակի նշեց, որ բարևում է բոլորին ու վստահեցնում, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ սահմանում ամեն ինչ կախված է դիրքապահների զգոնությունից, ինչը նրանք ամենայն պատասխանատվությամբ են կատարում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն