Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյատևելու համար անհրաժեշտ է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 դոլար. «168 ժամ»

Դեկտեմբեր 26,2017 11:51

Թերևս չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում ամենաքննարկվող թեմաները եղել են գները և աղքատությունը։ Գների քննարկումը սկսվել էր շատ ավելի վաղ, քանի որ գնաճը զգալու համար մարդիկ վիճակագրական զեկույցների կարիքը չունեն։ Թե՛ գնաճը, թե՛ աղքատությունն ունեն սուբյեկտիվ կողմ։

Այո, հրապարակվում է 1 ընդհանուր միջինացված ցուցանիշ, սակայն առանձին մարդկանց կամ ընտանիքների տեսանկյուններից՝ գնաճի և աղքատության մակարդակները տարբեր են։

Գնաճի մասին արդեն մի անգամ գրել ենք։ Գնաճի ցուցանիշը տարբեր մարդկանց մոտ տարբերվում է՝ կախված նրանից, թե սպառման մեջ առանձին ապրանքախմբերն ինչ կշիռներ ունեն։ Օրինակ, եթե ամենից շատ թանկացել է սննդամթերքը, ապա «անհատական» գնաճն ավելի շոշափելի կլինի այն մարդկանց համար, որոնց մոտ սննդամթերքին ուղղվող ծախսերն առավել մեծ կշիռ ունեն։

Աղքատությունը նույնպես սուբյեկտիվ ձևով կարող է գնահատվել։ Ավելին, աղքատության դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան գնաճի դեպքում։ Նախ՝ կարող են տարբեր լինել չափանիշերը։ Օրինակ, ՀՀ պաշտոնական վիճակագրությունը 2016 թվականի համար աղքատության վերին գիծ է սահմանել 40 867 դրամը։ Այսինքն` աղքատ համարվել են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը 40 867 դրամից ցածր է։ Շատ աղքատ համարվում են այն մարդիկ, որոնց ամսական սպառումը 33 418 դրամից քիչ է։ Իսկ ծայրահեղ աղքատները նրանք են, որոնք 23 313 դրամից էլ պակաս են ծախսում (սա պարենային աղքատության գիծն է)։

Պաշտոնական վիճակագրությունը, այս չափանիշերը հիմք վերցնելով հայտարարում է, որ բնակչության 19.6%-ն աղքատ է, 8%-ը՝ շատ աղքատ, 1.8%-ը՝ ծայրահեղ աղքատ։ Սա, կրկնենք, ըստ ԱՎԾ-ի կողմից հիմք ընդունված չափանիշերի։ Սակայն հենց այդ չափանիշերը կարող են խիստ տարբեր լինել։ Օրինակ՝ մեկը կարող է համարել, որ աղքատության վերին գիծն ամսական ոչ թե 40 867 հազար դրամն է, այլ 100 հազար դրամը կամ 150 հազար դրամը։ Ընդ որում, սա ոչ թե ենթադրություն է, այլ պաշտոնական վիճակագրությունը նաև այդպիսի հարցումներ է անցկացրել 2016 թվականին և հրապարակել։

Ըստ այդ հարցումների՝ 2016 թվականին Հայաստանում 1 շնչի հաշվով՝ գոյատևելու համար անհրաժեշտ է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, լավ ապրելու համար՝ ամսական 347 234 դրամ կամ 723 դոլար, շատ լավ ապրելու համար՝ ամսական 655 060 դրամ կամ 1 363 դոլար։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031