«168 ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ամփոփելով տարին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար, ասաց, որ չնայած համանախագահների ջանքերին, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ։ Ռարի գնահատմամբ, կարգավորման տեսլական չի ուրվագծվում մոտ ապագայում։ Ուստի, ըստ նրա, պետք է նոր գաղափարներ առաջ քաշել, նոր հարթակներ ձևավորել խնդրի համապարփակ կարգավորման համար, քանի որ ներկայիս ձևաչափն էական արդյունքների չի հանգեցնում։ Ալեքսանդր Ռարը նշեց, որ հակամարտության շուտափույթ կարգավորմանը խոչընդոտել են նաև մի շարք տեխնիկական բնույթի հանգամանքներ։
«Սա շատ հին հակամարտություն է, միջնորդները, այսինքն՝ դիվանագետները, փոխվում են, նոր դիվանագետներին երկար ժամանակ է անհրաժեշտ լինում այս կոնֆլիկտին ծանոթանալու, դրա տրամաբանությունը հասկանալու համար, բավականին մեծ ժամանակ է ծախսվում, ժամանակը վատնվում է, գալիս է նոր դիվանագետը, նրանք այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք այս հակամարտության ձևավորման ժամանակ նույնիսկ դիվանագետի կոչում չեն ունեցել։ Ես սա այս դժվար հակամարտության չկարգավորման հիմնական խնդիրներից մեկն եմ համարում։ Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին, ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձևավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն և հեղինակություն կունենա։
Ես կողմ եմ, որպեսզի հակամարտության կարգավորմանը մասնակցեն միջազգային մասշտաբային կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ ունեն լծակներ, լուրջ ազդեցություն կողմերի նկատմամբ, ինչպիսին ԵՏՄ-ն է, ԵՄ-ն, ՄԱԿ-ը։ Սրանք բոլորը քաղաքական լուրջ կառույցներ են, մեկը Հայաստանի նկատմամբ կարող է արդյունավետ լինել, մյուսը՝ Ադրբեջանի, բայց այս կառույցները կարգավորման աշխատանքներին միանալուց հետո պետք է սերտ համագործակցեն, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Որքան բարձր է մակարդակը, և լայն՝ կարգավորման հարթակը, այնքան ավելի մեծ են հնարավորություններն արդյունքի հասնելու հարցում։ Ես կցանկանայի, որպեսզի կարգավորմանը մասնակցեին ԵՄ-ն, որն արդեն գործում է, որպես քաղաքական ուժ, և ԵՏՄ-ն»,- ասաց Ռարը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում