Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնությանը հակադրվելը դժվար է

Դեկտեմբեր 26,2017 10:22

Պետք է խոստովանեմ, որ ինձ չզվարճացրեց գեներալ Սեյրան Սարոյանի բարոյախրատական դասախոսությունը: Ես չեմ հասկանում, թե ինչու են «գեղջկական փիլիսոփայի» տգետ դատողություններն այդքան զվարճալի: Ո՞րն է «քյարթու», քարանձավային մտածելակերպի հումորը: Ինչո՞ւ պետք է սահմանափակ մտահորիզոնն ինքնին ծիծաղելի լինի: Գեներալն իր ճառերն, ըստ ամենայնի, լուրջ էր արտասանում, ծաղրածուի դերին չէր հավակնում, բայց դա մատուցվում էր որպես հումոր, որը ես, ճիշտն ասած, չեմ հասկանում: Բայց հումորի զգացողությունն անհատական է, եւ ինչպես ճաշակին, այնպես էլ հումորին ընկեր չկա:

Ինձ անհանգստացնում է մեկ այլ՝ ավելի հիմնարար խնդիր: Նման մարդկանց առաջարկած «դեղատոմսերը» (օրինակ՝ հարբելու, «մատ տալու եւ հետ տալու» մասին) ազդում են հասարակության վրա: Չեմ բացառում, որ ինձ նման մտածողը ինչ-որ մի միջավայրում «լավ տղա» երեւալու համար գուցեեւ փորձի խոսել գեներալի ձեւակերպումներով եւ բառապաշարով: Իսկ հիմա պատկերացրեք, որ գեներալն ընկավ ինձ նման մարդկանց միջավայր, արդյոք նա կփորձի՞ ավելի զուսպ եւ մտածված խոսել: Իհարկե` ոչ: Ինչ է ստացվում՝ նրանք մեզ վրա ազդում են, իսկ մենք նրանց վրա բացարձակապես ազդեցություն չունենք:

Եվ այդպես է ոչ միայն «քյարթուիզմի» անզուսպ քարոզչության պարագայում: Այդպես է նաեւ ցանկացած քաղքենիական սահմանափակ մտածողության դեպքում: Մարդիկ ամենուրեք փնտրում են եւ գտնում են հազարումի արդարացում, թե ինչու են նրանք վատ քաղաքացի: «Ես իմ «մարշրուտում» ռաբիս երաժշտություն եմ միացրել եւ ծխում եմ՝ բա էդ մեծահարուստները, որ Մանումենտ դղյակներ են սարքել, լա՞վ ա»: «Ես «գաիշնիկ» լինելով վարորդներից 5 հազար դրամ եմ կորզում, բա լա՞վ ա, որ ընտեղ վերեւներում միլիոններ են ուտում»: «Ես տղայիս բանակից փախցնում եմ, բա լա՞վ ա, որ էն օլիգարխների տղերքը չեն ծառայում»: Եվ այս դեպքում է՛լ ավելի դժվար է նման մտածողությանը հակադրվելը, եւ երբ փողոցում կամ ֆեյսբուքում սկսվում են նման խոսակցությունները (իսկ դրանք իրականում անվերջանալի են), կարծես թե ավելի խելամիտ է լռելը կամ այս զանգվածի հետ «անարդարություններից» բողոքելը, քան քո սեփական կարծիքն ասելը: Որովհետեւ նույնիսկ այն մարդիկ, որոնց մտավոր մակարդակը գեներալ Սեյրանից էապես բարձր է, կցանկանան հաճոյանալ մեծամասնությանը, լեզուն ճպճպացնել եւ ձեռքերը ծնկներին զարկել:

Ես շարունակում եմ մտածել, որ եթե ես «իմ փայ» ապօրինությունը չանեմ, ապա ապօրինությունների թիվը երկրում 1/3 000 000-ով կպակասի: Ցավոք, ինձ հետ համաձայն է մի քանի հարյուր հոգի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Սմբատ says:

    Հիրավի, պատահաբար հանդիպեցի այդ ձայնագրությանը ու նայելուց և՛ ծիծաղում էի, և՛ ցավ ապրում, քանի որ նման «փտած» գաղափարները, եթե այդպիսիք կարելի էր համարել գեներալի խոսքերը, հանրայնացվում է։ Սակայն ցավալի էր նաև ընթերցել մարդկանց հաստատական մեկնաբանությունները` մեծարելով կուսություն-եկեղեցի անտրամաբանական համեմատությունը։
    Շնորհակալություն անդրադառնալու համար, թե չէ արդեն մտածում էի ոչ մի տեղ կառուցողական քննադատություն չեմ կարդա։

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    Անկեղծ, չի հետաքրքրել՝ իմանալուց հետո էլ չեմ լսել:

  3. Արզուման Թամազյան says:

    Ես կտրականապես դեմ եմ գրաքննությանը, բայց նման դեպքերում այն խիստ անհրաժեշտություն է……Չգիտեմ,գուցե սխա՞լ եմ մտածում….

  4. Մանվել says:

    3 միլիոն հայ հայաստանում որտեղից գտար:

  5. Ruben says:

    Կարող եք չզվարճանալ:
    Գեղջուկ փիլիսոփաները 90-ականների սկզբին թողեցին իրենց գյուղը, կալն ու մալը, անասունների ու փթիրի բուրմունքը եւ հանուն հայրենիքի ազատության հասան Երեւան:
    Արարատի շրջանի գյուղերից՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը, Վաղարշապատի շրջանի գյուղերից՝ ժողովրդական գեներալ-հերոսներ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը…
    Հանուն հայրենիքի ազատության իրենց գյուղերը թողած ու հեռացած խեղճ ու կրակ վարչապետեր, նախարարներ եւ պատգամավորներ…
    Հավերժ փառք գյուղացիներին, որ փրկեցին երեւանցիներին ու Երեւանը, Ղարաբաղը եւ Հայաստանը:

  6. Դավիթ says:

    Այո և Ս Սարոյանը և Մ Գրիգորյանը բռի մարդիկ են,մանավանդ երբ բանակում էին,հայհոյանքը սովորական բան էր,Ս Սարոյանը անգամ ուրախ ժամանակ էլ էր հայհոյում..ադեիդ գագաթը…;
    Բայց մեկ հաստատուն անբնական բան կա,որ այդ մարդկիք այդպիսին են.
    Նրանց ոչ ոք չէր խաբում,նրաց ցանկացած հրաման կատարվում էր ճիշտ ու ժամնակին;
    Դեռ փ/նախարար ժամանակ Մ Գրիգորյանը մի հարցազրուց ունի, որքան հիշում եմ, Առավոտ թերթին տված<>,դա մի բողոք էր հանրությանը,որ ինքը, <>;
    Ըստ իս,նրանք մնացին մենակ իրենց նախկին զիվորների համախոհների հետ,մեր բազմաթիվ տեղեկատվական միջոցների համար,առ այսօր նրանք բացասական գույներով են ներկայացվում;..
    Ով տիրում է տեղեկատվական միջոցների,նա էլ հաղթում է;

  7. Azat says:

    Հետաքրքիր է, որ եթե Ձեր մտածելակերպ ունեցողները ընդամնեը մի քանի հարյուր հոգի են, իսկ Գեներալինը մի քանի միլիոն, ապա ինչու՞ եք Դուք ամեն օր հրապարակայնացնում Ձեր մտածելակերպը, իսկ մի քանի միլիոնի մտածելակերպը հանրայնացնելը համարում աններելի:
    Ինչու՞ Դուք պետք է ունենք հասարակական պետական միջոցներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, իսկ միլիոնները դրանից զրկված լինեն կամ էլ նրանց դա տրվի խստիվ դոզայավորված նորմաներով

  8. Ռուբեն says:

    Շնորհակալություն հոդվածի համար, շատ արդիական է: Երևի Արամ Աբրահամյանի մոտ դանակը հասել է ոսկորին: Այս հոդվածում շատ ավելի ակնհայտ է երևում խիստ անհանդուրժողականությունը մամուլը հեղեղած “հերոսների” արտահայտած “հանճարեղ մտքերի” նկատմամբ և ակնհայտ անհանգստությունը գորշության տարածման փաստի վերաբերյալ: Հրաշալի է, որ այս հոդվածում չտեսանք հեղինակի “մի կողմից,…., մյուս կողմից….” հանդուրժողական մարտավարությունը:
    Պարոն Աբրահամյան, որքան հիշում եմ “Առավոտ”-ի կայքում էլ են երբեմն տեղ գտնում ընթերցումներ ապահովելու համար գայթակղիչ վերնագրերով` “սիրված” հերոսների մասին հոդվածներ:
    Սիրելի հոդվածագիրներ, հոգնել ենք Ձեր խաբուսիկ ու գայթակղիչ վերնագրերից, հավատացեք` կարևորը ընթերցումների քանակը չէ, կարևորը Ձեր հոդվածների ընթերցումից մնացող լուսավոր հետքն է ընթերցողներիս հիշողության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031