Ռուսաստանի 2018թ. նախագահական ընտրությունների ենթադրյալ թեկնածու, լրագրող Քսենյա Սոբչակը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին չբոյկոտել ընտրությունները, իսկ Ալեքսեյ Նավալնիին առաջարկել է դառնալ իր վստահված անձը: Նման հայտարարություն Սոբչակն արել է Instagram-ի իր էջում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը:
«Այսօր ԿԸՀ-ն չգրանցեց Ալեքսանդր Նավալնիին: Ես բազմիցս ասել եմ, որ կարծում եմ՝ նրան ընտրություններին չթողնելը հրեշավոր անարդարություն է և իշխանությունների հերթական սխալը: Բայց դա լրացուցիչ անգամ ապացուցում է մեզ, որ մենք, միևնույն է, պետք է գործենք, կանգ չառնենք և գնանք ընտրությունների: Մինչև վերջ գնանք: Հանուն մեզնից յուրաքանչյուրի, հանուն Նավալնիի: Ես դեմ եմ ընտրությունները բոյկոտելուն: Ես հիշում եմ, որ ինքը՝ Նավալնին էլ 2011թ. պաշտպանում էր այս դիրքորոշումը. «բոյկոտի քարոզչության գլխավոր խնդիրն այն է, որ դրանում չկա մոբիլիզացնող սկիզբ. մնացե՛ք տանը, հեռուստացու՛յց դիտեք, վրդովվե՛ք:
Մենք առանց այն էլ օրերով նստում ենք տանը, հեռուստացույց դիտում ու վրդովվում: Բոյկոտը ընտրողների ընդհանուր թվի լուրջ նվազեցման չի հանգեցնի»: Իմ կարծիքով՝ այդ առումով ոչինչ չի փոխվել: Ընտրությունները նախկինի պես մնում են ինչ-որ բան փոխելու միակ ուղին: Իսկ դրանք բոյկոտելը անարդյունավետ և վնասակար մեթոդ է: Այն ոչ միայն չի նվազեցնի ընտրողների թիվը, այլև կավելացնի Պուտինի տոկոսները: Եվ թույլ կտա նրան ստանալ ցանկալի 70 տոկոսը: Ես հասկանում եմ՝ ինչ ծանր ու վիրավորական է հիմա Նավալնիի համար, բայց ընդհանուր գործն ավելի կարևոր է: Հետևաբար, ես շարունակում եմ կոչ անել բոլոր ժողովրդավար ընդդիմադիր ուժերին համախմբվել: Եվ եթե ինձ գրանցեն, առաջարկում եմ Ալեքսեյ Նավալնին դառնալ իմ վստահված անձը»,- գրել է Սոբչակը:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Ռուսաստանի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը, որից հետո վերջինս կոչ է արել բոյկոտել ընտրությունները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ