2015թ. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց եւս մեկ վկա՝ նույն ինստիտուտի կուրսանտ Երզնկյանը:
Նա գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի սենյակից է եղել: Ըստ նրա՝ առավոտյան է իմացել Հայկազ Բարսեղյանի հետ կատարվածի մասին, երբ վերջինիս սենյակակիցներից Սամվել Սերոբյանը վազելով մտել է իրենց սենյակ ու Վաչեին ասել՝ հլը շուտ արի: Ըստ վկայի՝ Վաչեն շորերով պառկած էր անկողնում, հետո իրենք միասին գնացել են Հայկազ Բարսեղյանի սենյակ: Նա Հայկազ Բարսեղյանի անկողինը լրիվ արյան մեջ է տեսել, հետո իրենց հրաման են տվել փնտրել Հայկազին, ավելի ուշ ինքը երեսուն մետր հեռավորության վրա տեսել է Հայկազին կախված վիճակում:
Հարցին, թե Հայկազ Բարսեղյանը կարողանո՞ւմ էր պտտաձողից կախվել, վկան բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ ինքն է մի քանի անգամ օգնել, ինքնուրույն չէր կարողանում: Հրապարակվեց նաեւ վկայի նախաքննական ցուցմունքը:
Հայկազ Բարսեղյանի հոր՝ Արկադի Բարսեղյանի խոսքով, վկան կաշկանդված էր ամբաստանյալներին դատարանում բնութագրելիս, մինչդեռ նախաքննական ցուցմունքում ամբաստանյալների մասին հետեւյալն էր ասել, թե Մովսես Ազարյանը լպիրշ, երես առած էր, իրեն լավ տղու տեղ դրած, բայց Վաչե Սահակյանի թեւի տակ մտած ման էր գալիս՝ սրան-նրան կպնելով:
Դատական նիստը այս վայի հարցաքննությամբ ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունվարի տասնհինգին:
Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ