Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնիին՝ որպես 2018թ. նախագահական ընտրությունների թեկնածու, գրում է meduaz.io-ն: Նման որոշում ընդունվել է դեկտեմբերի 25-ին ԿԸՀ նիստում:
Իր որոշումը ԿԸՀ-ն հիմնավորել է նրանով, որ Նավալնին ունի չմարված դատվածություն: Ինքը՝ Նավալնին, ելույթ ունենալով ընտրական հանձնաժողովի առաջ, հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշումը հակասում է սահմանադրությանը:
Դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի 20 քաղաքներում տեղի են ունեցել բազմամարդ հանրահավաքներ՝ Նավալնիի առաջադրմամբ զբաղվող խմբի նախաձեռնությամբ: Մոսկվայում տեղի ունեցած հանրահավաքից հետո գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են ԿԸՀ:
ԿԸՀ որոշումից հետո Նավալնին կոչ է արել իր համախոհներին բոյկոտել 2018թ. նախագահական ընտրությունները:
«Մենք հայտարարում ենք ընտրողների գործադուլ: Գործընթացը, որին մեզ առաջարկում են մասնակցել, ընտրություններ չէ: Դրան մասնակցում է միայն Պուտինը և այն թեկնածուները, որոնց նա անձամբ է ընտրել, որոնք նրա համար անգամ չնչին սպառնալիք չեն ներկայացնում»,- հայտարարել է Նավալնին:
Նրա ծրագրի համաձայն՝ այսուհետ իր բոլոր ընտրական շտաբերը կփոխակերպվեն գործադուլների շտաբների: Շտաբների ակտիվիստները քարոզչություն կիրականացնեն ընտրությունների դեմ: Վերջնական արդյունքում ընդդիմադիր քաղաքական գործիչը կոչ է արել չճանաչել քվեարկության արդյունքները և այն իշխանությանը, որը կհաղթի ընտրություններում:
Ավելի ուշ Նավալնին Twitter-ի իր էջում հայտարարել է, որ կազմակերպում է համառուսական բողոքի ցույց ընդդեմ ԿԸՀ որոշման: Ցույցի օրը նա դեռ չի նշել:
Ռուսաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2018թ. մարտի 18-ին: Դրանց պատրաստվում են մասնակցել գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին և լրագրող Քսենյա Սոբչակը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ