Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանի նախաքննական ցուցմունքում որպես նրա հասցե նշված է Ոստիկանության շենքը

Դեկտեմբեր 25,2017 19:40

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սարի թաղի գործով դատական նիստում այսօր որպես ցուցմունք տվեց ոստիկան Ռաֆայել Մանուկյանը: Հարցաքննության ավարտին ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Գրիշա Բալասանյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Մանուկյանի նախաքննական ցուցմունքում նրա բնակության հասցեն գրված է Խորենացի 162, որը Ոստիկանության Էրեբունու բաժնի շենքի հասցեն է:

Այս առնչությամբ վկան պարզաբանեց, որ գուցե տպագրական սխալ է եղել, ինքը չէր կարող այդ հասցեում բնակվել: Պաշտպանական կողմը, սակայն հիշեցրեց, որ նա ընթերցել է, նոր ստորագրել ցուցմունքի տակ:

«Այս գործով վկա-ոստիկանների ցուցմունքները գրեթե նույնն են եւ համակարգչով են հավաքված: Կարելի է ասել, որ «copy-paste» են արել, անգամ տառասխալներն են նույնը: Հնարավոր չէր, որ քննիչի մոտ ոստիկանները բառացի շարադրեին նույնը»,-հայտարարեց Գրիշա Բալասանյանը: Նա պնդեց, որ ցուցմունքները ոստիկանները չեն գրել, այլ գրել են իրենց փոխարեն, եւ դա է պատճառը, որ դատարանում հարցաքննվելիս նրանք գրեթե ոչինչ չեն հիշում ու հղում են անում իրենց նախաքննական ցուցմունքներին:

Պաշտպանական կողմի մյուս հարցերին ի պատասխան Ռաֆայել Մանուկյանը շարունակում էր ասել, որ չի հիշում մանրամասները, որովհետեւ ծանրաբեռնված է աշխատել: Սա զայրացրեց ամբաստանյալներից Անդրանիկ Քյոսեյանին, որն առանց դատավորի թույլտվության բղավեց. «Ձեր «ծանրաբեռնվածության» պատճառով 1,5 տարի է՝ նստած ենք»:

Ամբաստանյալն ու վկա-ոստիկանն իրար «արա՜»-ով դիմեցին, ինչից հետո Քյոսեյանը դատավորի կողմից արժանացավ սանկցիայի եւ հեռացվեց նիստերի դահլիճից մեկ ժամով:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա 2018թ. հունվարի 12-ին, ժամը 14:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031