Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարը վստահեցնում է՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցում թակարդում չեն հայտնվել. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2017 19:33

Տնտեսակա՞ն շահն է առաջնային, թե՝ բնապահպանական: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ չպետք է առաջընթաց ապահովենք տնտեսական ոլորտում՝ անտեսելով բնապահպանական խնդիրները:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին՝ Ամուլսարի հարցում կառավարությունը, կարծես, թակարդում է հայտնվել՝ տնտեսակա՞ն շահը, թե՝ բնապահպանական, ի վերջո ո՞րը կնախընտրի կառավարությունը, Մինասյանը պատասխանեց. «Թակարդում հայտնվելու խնդիր չկա: Մենք ունենք Ամուլսարի ծրագիր, որն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն: Գործող օրենքի շրջանակներում դու պատասխանատու ես այն ծրագրի եւ ելքային արդյունքների համար, որոնք  նկարագրված են: Եթե այնտեղ որեւէ շեղում տեղի ունենա, պետական մարմինը պարտավոր է արագ արձագանքել: Մինչ այժմ գործող օրենսդրությունը եղել է հետեւյալ կերպ՝ ունես ծրագիր եւ կարող ես անդրադառնալ դրան վերջում:

Մեր փոփոխությունների արդյունքում մենք հիմա ոչ միայն այս փուլում, այլ նաեւ ընթացքում, ցանկացած պահի իրականացնելու ենք դիտարկումներ: Վերջին օրենսդրական փոփոխություններով 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում այն նորմը, ըստ որի, ընդերք օգտագործողը պարտավոր է եռամսյակը մեկ հրապարակել մոնիտորինգային այն արդյունքները, որոնք ստացել է հավատարմագրված անկախ  փորձաքննության կառույցի կողմից: Մենք իրականացնում ենք ընթացիկ փորձանմուշների վերցման աշխատանքներ, որպեսզի կարողանանք բոլոր մտահոգությունները, որոնք կախված են ջրերի հնարավոր աղտոտումների հետ, ժամանակին կանխատեսել եւ բացահայտել: Ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս հարցին, չկա այնպիսի խնդիր, որ ասենք՝ գիտեք, քանի որ որոշումը կայացված է, ուրեմն գնում ենք առաջ եւ վերջ: Ցանկացած պահին, եթե ծրագրային շեղում է, եւ եթե շեղումը, որը հնարավոր վտանգ է ստեղծելու, առաջին ահազանգողները պետական մարմիններն են լինելու՝ ի դեմս մեր գերատեսչության եւ տեսչական մարմնի»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ բնապահպանները, գիտնականներն ու փորձագետները վերջերս ծավալուն եւ խորը ուսումնասիրություն ներկայացրեցին, որով նշեցին, որ թթվային դրենաժներից պետք է խուսափել հենց սկզբից, իսկ այս հանքի շահագործմամբ ջրերի աղտոտումն անխուսափելի է,  նախարարն այսպես պատասխանեց. «Մենք հայտարարել ենք, որ պատրաստակամ ենք եւ հնարավորություն ենք տվել տարբեր փորձագետների միմյանց հետ բանավիճեն ու արդյունք ստանան: Այս պահին սպասում ենք: Նախնական պայմանավորվածություն կա երկու փորձագետների հանդիպման վերաբերյալ: Հուսամ որեւէ մեկը հետ չի կանգնի պայմանավորվածությունից»:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց թե ինչ կարծիք ունի նախարարը միջազգային փորձագետի այն գնահատականի մասին, ըստ որի, Ամուլսարի հանքի շահագործումից հետո վնասների վերականգնման ծախսերն անհամեմատ ավելին են լինելու, քան հանքից կորզվող հանքաքարից ստացված պետության ֆինանսական շահը:

Այս հարցին, նախարարն, ըստ էության, չպատասխանեց, միայն նշեց. «Այն, ինչ իրենք ներկայացրել են 10 հազար էջանոց փաստաթղթում նկարագրված է, այլ բան է ասեք՝ բավարա՞ր է, թե՝ ոչ: Մասնագիտական տարբեր կարծիքներ կան, դրա համար պետք է միասին քննարկեն ու լուծման գան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031