Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին՝ հունվարի 22-26-ին նախատեսվող, մի շարք զարգացումներ են սպասվում. մասնավորապես Վեհաժողովն ընտրելու է նախագահ, մարդու իրավունքների հանձնակատար:
«Առավոտը» ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու պատվիրակությունն այս ընտրությունների հետ կապված, արդյոք արդեն հստա՞կ է հայկական պատվիրակության դիրքորոշումը:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, թե հայկական պատվիրակությունը, բնականաբար, թեկնածուների վերաբերյալ արդեն ունի իր դիրքորոշումը, սակայն նշեց, որ այս պահին նպատակահարմար չի համարում բարձրաձայնել.
«Իրավացի եք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը հագեցած է լինելու բավական կարևոր իրադարձություններով: Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովն արդեն ընտրել է մարդու իրավունքների հանձնակատարի թեկնածուներին և ամենաշատ ձայներ ստացած երեք թեկնածուներին, երաշխավորել Վեհաժողովին ընտրության համար: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նախագահի ընտրությանը, ապա ըստ Վեհաժողովում գործող քաղաքական պայմանավորվածության՝ այժմ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը սոցիալիստների խմբինն է: Այլևս հստակ է, որ սոցիալիստները ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար առաջադրելու են խմբի ղեկավար Միկելե Նիկոլետիի թեկնածությունը: Եթե քաղաքական պայմանավորվածությունը հարգվի, ապա որպես այդպիսին, ընտրության գործընթաց, թեկնածուների պայքար չի լինելու, այլ պայմանավորվածության համաձայն առաջադրվելու է և ընտրվելու է համապատասխան խմբի թեկնածուն»:
Զարգացումներ են տեղի ունեցել նաև վերջերս Փարիզում անցկացված ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում: Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց. «Հայկական պատվիրակության ջանքերով իրավական հարցերի հանձնաժողովում առաջարկվել է, որ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ձմեռային նստաշրջանի ընթացքում իրավական հարցերի հանձնաժողովին ներկայացնի Ադրբեջանի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն: Մասնավորապես խոսքը վերաբերում է Նախարարների կոմիտեի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումին, որի համաձայն, Եվրոպական դատարանը պետք է պարզի` արդյոք Ադրբեջանը խախտե՞լ է ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները, թե ոչ»:
Արփինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հարցրերի հանձնաժողովում Ադրբեջանին վերաբերող որոշումների տեքստերում որոշակի խստացումներ են եղել:
Արփինե Հովհաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» առաջիկա համարներում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ