ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված՝ մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածում «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ում թվով 15, Գյումրու «Նիվա» ՍՊԸ-ի թվով 8 և «Գյումրու թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի թվով 9 անձանց աշխատանքային գրքույկներում կատարված գրառումների հավաստիության ստուգման արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Ստուգման արդյունքների ուսումնասիրման հիման վրա ՀՀ Շիրակի մարզի դատախազության կողմից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանության համապատասխան բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ քաղաքացիների անվամբ լրացված աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ նրանք տարբեր ժամանակահատվածներով և տարբեր հաստիքներով ընդունվել են նշված ընկերություններ, ապա մի քանի տարվա աշխատանքային ստաժ ձեռք բերելուց հետո տարբեր հիմքերով ազատվել աշխատանքից, ինչի մասին գրառումներում առկա է ստորագրություն և կլոր կնիքի դրոշմ:
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների մասով հիշյալ ընկերությունների հրամանագրքերում բացակայում են աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանների հիմքերը՝ հրամանագրքերում վերջինի մասով գրառումներ առկա չեն, այսինքն՝ այդ անձանց անվամբ լրացված՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային գրքույկներում ներառվել են առերևույթ կեղծ տեղեկություններ՝ դրանք հետագայում վերջիներիս կողմից օգտագործելու նպատակով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում բավարար տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ այդ քաղաքացիներից շատերը, հաստատապես իմանալով, որ իրենց անվամբ լրացված աշխատանքային գրքույկներում ներառվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ աշխատավայրի և աշխատաժամանակի վերաբերյալ, գույքային օգուտ ստանալու նպատակով նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի տարածքային բաժին և մեկ միասնական դիտավորությամբ տարբեր ժամանակահատվածում խաբեությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել զգալի չափերի գումարներ:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, որոշ դեպքերում՝ նաև խարդախության հանցագործությունների հատկանիշներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ դեպքերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 32 քրեական գործեր, որոնք դատախազի հանձնարարությամբ միացվել են երեք առանձին վարույթներում:
Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: