Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե ՍԱՊԾ-ի պաշտոնյան մարգարինը կարագի անվան տակ վաճառել է ՀՀ զինված ուժերին:
Նա վստահեցրեց, որ ՍԱՊԾ որեւէ պաշտոնյա կապ չունի այդ դեպքի հետ. «Քրեական գործի մանրամասները չգիտեմ, որովհետեւ իմ պաշտոնավարման շրջանին չի վերաբերում: Պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, երբ իրավապահները կտան անհրաժեշտ պարզաբանումներ»:
Հիշեցնենք, որ մամուլում առկա տեղեկություններով՝ ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանին պատկանող ընկերություններն են կարագի անվան տակ մարգարին մատակարարել բանակին: Իշխան Կարապետյանը հերքեց նաեւ տեղեկությունները, թե ինքը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ազգականներից է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ