Լրագրողների հարցին` իր նշանակումից հետո քանի՞ մարդ է կրճատվել Ազգային օպերային թատրոնում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը պատասխանեց, որ նրանք շուրջ 20-ն են:
Միջամտեց նաեւ ասուլիսին ներկա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Այսօր մենք խոսում ենք ոչ թե հաստիքների կրճատման, այլ ռեալ իրականությանը համապատասխանեցման մասին: Ձեւակերպումները խիստ տարբեր են»,-ասաց նախարարը` հավելելով, որ օպերային թատրոնում աշխատակազմը մի փոքր ուռճացված էր:
Նախարարն անդրադարձավ նաեւ օպերային թատրոնի բուֆետին, որի թեման ժամանակին աղմուկ էր հանել: «Ցավոք սրտի, մենք մինչեւ այս պահը դեռ վերջնական որոշում չենք կայացրել, թե որ ընկերությունների կամ կազմակերպությունների հետ ենք աշխատելու, բայց այն, որ թատրոնի եւ թատրոն այցելած հանդիսատեսի համար պետք է լինի լավագույն սպասարկում, շատ բարձր մակարդակի, դա հստակ է: Հուսամ, որ 2018թ. մենք իրականություն կդարձնենք նաեւ այդ խնդրի լուծումը»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ