Սիգի որսը դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ն արգելված է, սակայն փողոցներում սիգ վաճառվում է: Օրեր առաջ էլ տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացնում մայրաքաղաքում եւ որոշ դեպքերում առգրավում վաճառվող սիգը:
Սիգի ապօրինի վաճառքով զբաղվողները պատճառաբանում էին, թե սիգի որսով եւ վաճառքով սոցիալական խնդիր են լուծում:
Այսօր բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներն այս առնչությամբ նախարարի կարծիքը հարցրեցին:
Մինասյանն ասաց, որ իրավապահ մարմինների հետ իրականացվում են ստացիոնար ու շրջիկ հսկողություններ, որպեսզի նվազեցվեն սիգի որսի դեպքերը. «Մենք քաջ գիտակցում ենք, որ ապօրինի որսված շատ ձկներ գտնվում են սառնարաներում, մենք բոլորին կոչ ենք արել զերծ մնալ այս սեզոնին լիճ մտնելուց, որովհետեւ հիմա ձվադրման շրջան է»:
Ըստ նախարարի, խեցգետնի որսի ժամանակ 10-12% արգելված ձկների, այդ թվում սիգի, ցանցում հայտնվելու թույլտվություն կար, ուստի հիմա նախարարությունն արգելել է ընդհանրապես Սեւանա լիճ մուտքը, եւ որեւէ ձկնատեսակի որսը:
Նախարարը բոլորին հորդորեց չգնել սիգ, որպեսզի ձկնորսներն ու վաճառողներն էլ պահանջարկ չունենան, նախարարը նաեւ հորդորեց այս ընթացքում զսպել սիգ ուտելու ախորժակը. «Այս զսպումը բերելու է ձկնապաշարի ավելացմանը, այնքան ավելացման, որ հետագայում կարող եք ձեր ախորժակը բավարարել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ