Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյան. «Մեզ մոտ բոլոր դիրիժորները գլխավոր են» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2017 16:07

Դեկտեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարը նշեց, որ օպերային թատրոնը 100%-անոց աճ է գրանցել, ինչը, նրա խոսքով նշանակում է, որ թատրոնի հանդիսատեսը կրկնակի անգամ ավելի է հաղորդակցվել օպերային թատրոնի հարկի ներքո կայացած միջոցառումներին, դահլիճները եղել են 90 %-ով ավելի ծանրաբեռնված: Նախարարը հույս հայտնեց, որ 2018-ը օպերային թատրոնի համար ավելի արգասաբեր եւ արդյունավետ է լինելու:

Կոնստանտին Օրբելյանը օպերային թատրոնի մեկ տարվա աշխատանքը ներկայացրեց տեսահոլովակի միջոցով:

https://www.youtube.com/watch?v=TDASVzaSsI8&feature=youtu.be

Ապա մաեստրոն պատասխանեց հարցերին: Նա թվարկեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-րդ թատերաշրջանում իրականացված նախագծերը, որոնց թվում են Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը, Պուչինիի «Տոսկա» օպերան, «Լա Բոհեմ» երաժշտական ներկայացումը, «Կարինե կոկտեյլ» օպերետը, Դոնիցետիի «Պողիկտոսը», «Շոպենիանա» բալետը, «Բարսեղ Թումանյան եւ ընկերներ», «Սիրում եմ քեզ, Հայաստան», «Էլլա Ֆիցջերալդ» համերգները եւ այլն: Ընդհանուր թվով շուրջ 3 տասնյակ նախագիծ:

Լրագրողներից մեկի հարցին, հե՞շտ է աշխատել առանց գլխավոր դիրիժորի, արդյոք նպատակ չունե՞ն այդ հաստիքը վերականգնել, օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Մեզ մոտ բոլոր դիրիժորները գլխավոր են: Ով այդ պահին ղեկավարում է նվագախումբը, նա է գլխավոր դիրիժորը»:

2018-ի ծրագրերին էլ անդրադարձ եղավ: Գալիք տարվա սկզբին թատրոնի մենակատարներ Գեւորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Արմեն Բադալյանը, Սյուզաննա Մելքոնյանը եւ Ջուլիետա Ալեքսանյանը հանդես կգան «էլյաթ» փառատոնին` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, ապրիլին տեղի կունենան Մասնեի «Մանոն» օպերայի պրեմիերան Ա. Ժագարսի բեմադրությամբ, 2018-ին թատրոնը հրավիրված է ԱՄԷ` Բիզեի «Կարմեն» օպերայի նոր բեմադրությամբ, որն իրականացրել է Նաիրե Ստեփանյանը:

Ի թիվս այլ նախագծերի, նախատեսված է Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի պրեմիերան: Հունիսի սկզբին տեղի կունենա «Բյուրեղապակա դղյակ» բալետի պրեմիերան` ըստ Ալեքսեյ Շորի երաժշտության, որը մեծացել է Գյումրիում: Մաեստրոյի ձեւակերպմամբ, սա ռուս-մալթական միասնական նախագիծ է Մեծ թատրոնի արտիստների եւ տեղի երգչախմբի ու պարարվեստի ուսումնարանի սաների մասնակցությամբ:

Առաջարկ է արվել Վալերի Գերգիեւի հետ համատեղ կազմակերպել համերգ-երեկո` նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031