Այսօր «Փաստարկ» ակումբում «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը անդրադարձավ ՀՀ անվտանգությանը եւ մասնավորապես՝ պաշտպանության նախարարի գործունեությանը:
Նրա խոսքով՝ «Մարդիկ շատ մեծ հույսեր էին կապել նոր ՊՆ նախարարի հետ, բայց փորձը ցույց տվեց, որ մարդը չէր տիրապետում ոլորտին, միգուցե լավ մենեջեր է, բայց երկխոսության պատրաստ չէ: Նորարարական, առանց հետեւանքները հաշվի առնելու մոտեցումներով չգիտեմ ինչքան հեռու կարելի է գնալ: Նորանշանակ նախարարի պարագայում սպասելիքները շատ էին, բայց հիասթափություն եղավ, իրականությունը շատ ավելի անխոստումնալից է»:
Նա նշեց, որ երբ բանակի մասին փոփոխություններն էին քննարկվում, շատ խոսվեց Իսրայելի մասին, բայց Իսրայելին առաջին հերթին ժողովրդավարությունն է զարգացնում. «Մենք ի վերջո ունենալու ենք Հյուսիսային Կորեա, Իսրայել ունենալու համար պետք է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, ազատ տնտեսական մրցակցային պայմանները»:
Մենք հետաքրքրվեցինք, երբ ասում եք, որ Վիգեն Սարգսյանը երկխոսության պատրաստ չէր եւ հիասթափություն եղավ, ի՞նչ նկատի ունեք՝ Գորգիսյանը պատասխանեց. «Կոնկրետ, երբ Վիգեն Սարգսյանը եկավ խորհրդարան՝ ներկայացնելու երկու նոր օրենք, որոնք պետք է լինեին բանակի համար հեղափոխական, մենք ունեինք որոշ մտահոգություններ եւ որոշ առաջարկներ: Այդ ամենն ուղղակի սվիններով ընդունվեց՝ մոտավորապես այս տոնայնությամբ՝ ես որ գրել եմ, ձեզանից լավ գիտեմ, դուք ո՞վ եք, որ սրա վրա ինչ-որ թերություններ գտնեք: Վերջում մոտավորապես այդ բառերով էլ ասվեց այդ ամենը: Ներկայացվում էր Վիգեն Սարգսյանը որպես Արեւմուտքում սովորած, այդ արժեքներին ծանոթ եւ տիրապետող, բայց փաստացի դուրս եկավ., որ այդ արժեքներին ծանոթացած, բայց բռնատիրական ինչ-որ մոտեցումներով անձի հետ գործ ունենք, ով այլակարծությանն ուղղակի սվիններով է դիմավորում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ