Հայաստանում տեղական կաթնամթերքն ու մսամթերքն այժմ թանկացել են 5-10 տոկոսով, իսկ կարագը, ինչպես հայտնի է, զգալի է թանկացել: «Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիթորինգի եւ մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը նշեց՝ կառավարությունը կարող է ձեռք բերել կարագի մեծ քանակություն եւ ներդնել շուկայում, այդ կերպ առկա կարագի գինը կնվազի. «Ասում են՝ Նոր Զելանդիայում կարագը թանկացել է, մեզանում էլ է թանկացել: Բայց կարելի է ներկրել նաեւ այն երկրներից, որտեղ թանկացում չկա՝ Ռուսաստան, Ֆինլանդիա, Կանադա»:
Ինչ վերաբերում է կաթնամթերքի թանկացմանը, Հայթյանը նշեց պատճառը. «Եղանակային պայմանների պատճառով անասնակերն այս տարի թանկ էր»: Փորձագետը նշեց, որ ընդհանուր առմամբ այժմ թանկացել է 10-12 անուն սննդամթերք՝ մոտ 10 տոկոսով. «Անգամ 4-5 տոկոս թանկացումն է զգալի դառնում սպառողների համար: Մարդիկ զրկվում են ինչ-որ սննդամթերք գնելուց: Մակարոնի «վրա են նստել», այն էլ՝ ռուսական, որը միշտ կայուն գին ունի: Անընդհատ կարտոֆիլ ու մակարոն ուտելը առողջության համար ճիշտ չէ»:
«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանն էլ իր հերթին ասաց, որ սպառողները հարցումների ժամանակ խոստովանել են. «Կաշվից ելնելով ենք գնումներ անում, հո երեխաների վիզը ծուռ չե՞նք թողնի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ