Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ ԱԺ-ում միայն իրենք են, որ քաղաքական ռեալ բանավեճ են ստեղծում:
Aravot.am-ի դիտարկմանը՝ եթե դուք քաղաքական բանավեճ ասելով՝ նկատի ունեք նաեւ այս վերջին 20 րոպեանոց ընդմիջումները, դրանց հետ կապված հասարակության մեկնաբանությունները շատ հակասական են՝ Գեւորգ Գորգիսյանն արձագանքեց, որ այնպես չի, որ հասարակությունը 90 տոկոսով ընտրել է «Ելքին», հասարակության շատ տարբեր շերտեր կան, որոնք տարբեր պատկերացումներ ունեն քաղաքականության մասին, մարդիկ կան, որ գտնում են՝ ընդհանրապես ընտրության պետք չէր գնալ, մարդիկ կան, որ ընտրել են իրենց թաղի լավ տղային, ով ՀՀԿ-ական է եւ հիմա մեզնից պահանջում են իշխանափոխություն, որովհետեւ 10 հազար դրամը ծախսեցին, վերջացավ. «Ֆեյսբուքյան գրառումներին հետեւելով՝ չի կարելի կարծիք կազմել հասարակության մոտեցումների մասին: Ֆեյսբուքին նայելով՝ նախընտրական շրջանում շատ ուժեր կային, որ ֆեյսբուքում լուրջ արձագանքներ ունեին եւ մենք կարծում էինք, որ խորհրդարանն այլ պատկեր կարող է ունենալ, բայց իրականությունը տարբերվում է ֆեյսբուքյան իրականությունից»:
Մեր հարցին՝ կոնկրետ 20 րոպեանոց այդ ընդմիջումների հետ կապված «Ելքին» քննադատում են, որ դա քաղաքական գործընթաց չէ եւ «Ելքը» խորհրդարանում զբաղված է ավելի շատ շոուներ ստեղծելով՝ ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Դա քաղաքական գործընթաց է: Դա լծակներից մեկն է, որն ուներ «Ելքը»: Քաղաքականությունը հնարավորինս արվեստ է եւ ցանկացած լծակ, որը կա ձեռքի տակ, պետք է օգտագործել, պետք է իշխանությանը դնել անհարմար վիճակում, որպեսզի հասկանան, որ ամենաթողության ժամանակները անցել են, որովհետեւ կա «Ելք», որը չի հանդուրժելու օրինազանցությունները՝ որեւէ դրսեւորմամբ»:
Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ խորհրդարանական ընդդիմության հետ որոշ չափով իրենց հաջողվում է աշխատել եւ համագործակցել, օրինակ, դիմեցին ՍԴ՝ համատեղ ջանքերով: Բայց վատ է, որ իշխանությունները մի խմբակցությանը կախվածության մեջ է դրել մեկ այլ խմբակցությունից: Ըստ նրա, ընդդիմությանը բոլոր լծակներից զրկում են եւ տանում են մեր երկիրը «ադրբեջանացման»:
Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ խորհրդարանում հարգում են հնաբնակներին, նրանց փորձը, բայց իրենք որակյալ սերնդափոխության կողմնակիցն են, երբ գալիս են մարդիկ՝ նոր մտածելակերպով երիտասարդներ՝ նոր մոտեցումներով. «Երիտասարդները դեռ լի են ավյունով, ուզում են նոր հորիզոններ ու նվաճումներ, ինչ-որ տարիքից հետո մարդիկ ձգտում են ուղղակի պահպանել այն, ինչ ձեռք են բերել, եւ սա բնական է: Հիմա ՀՀԿ-ի շարքերն ինչ-որ չափով փորձեցին թարմացնել վերջին ընտրություններին, բայց մենք խոսում ենք որակական սերնդափոխության մասին: Երբ նույն արժեհամակարգով ուղղակի տարիքով մի քիչ փոքր մարդիկ են գալիս, մենք սերնդափոխություն չենք ունենում, նույն կոմունիստական դաստիարակություն ստացածները դաստիարակել են իրենց փոխարինողներին կոմունիստական ոգով, հիմա կան ՀՀԿ-ում պատգամավորներ, որոնք շատ քիչ են տարբերվում Արտաշես Գեղամյանից, բայց տարիքով ինձ ավելի մոտ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ